00:00:00

Հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է Լիբանանի հայ ավետարանական եկեղեցու առաջնորդների հետ

14:47, 10 օգոստոս 2020

Լիբանան հումանիտար օգնության ուղեկցության և համայնքային այցի ընթացքում հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության նախագահ Վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի և Հայկազյան համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոսթյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը: Այս մասին հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Ողջունելով հյուրերին՝ Վերապատվելին ընդգծել է, որ մեծ պատիվ է Լիբանանի համար այս դժվարին օրերին հայաստանյան պատվիրակությանն ընդունելը և իրենց կողքին տեսնելը: «Երբ տեսա հումանիտար օգնության «Armenia» գրությամբ ինքնաթիռը՝ հետնապատկերում Արարատը, անկեղծորեն հուզվեցի»,-նշեց Վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանը՝ ներկայացնելով նաև համայնքային իրավիճակը և նախքան պայթյունը երկրում տիրող տնտեսական ճգնաժամն ու դրա ուղղակի ազդեցությունը հայ համայնքի վրա: Վերապատվելին ասաց նաև, որ պայթյունը մեծ հուզական և հոգեբանական ազդեցություն է ունեցել լիբանանահայության վրա: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպման ընթացքում մանրամասներ է ներկայացրել հումանիտար առաքելության և սպասվող մյուս օդանավերի մասին, անդրադարձ կատարել հայրենադարձության գործընթացի ուղղությամբ պետության կողմից ձեռնարկվող քայլերին: Գլխավոր հանձնակատարը հատկապես կարևորել է մինչև տարեվերջ հայրենադարձների ինտեգրացիոն կենտրոնի ստեղծումը և «Հայրենադարձության մասին» օրենքի ընդունումը, որն այս պահին մշակման վերջնական փուլում է: Այնուհետ շրջայց է տեղի ունեցել Հայ Ավետարանական եկեղեցում, որի հայտնի վիտրաժե խաչն ամբողջությամբ կոտրվել է: Պատվիրակության անդամները այցելել են նաև Հայկազյան համալսարան, ականատես եղել կրթական հաստատության կրած վնասներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր