Twitter-ի ղեկավարությունը անվտանգության ապահովման միջոցառումներն ուժեղացրել է հաքերային հարձակման հանգամանքների հետաքննության անցկացման ժամանակ, որի հետեւանքով հուլիսի կեսին կոտրել էին հայտնի ընկերություններից եւ մարդկանցից շատերի ակաունտները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Twitter-ի աջակցության ծառայությանը:
«Հարձակման պահից մենք զգալիորեն կրճատել ենք մեր ներքին գործիքներին եւ համակարգերին հասանելիությունը՝ նպատակ ունենալով հետաքննության անցկացման ժամանակ ապահովել ակաունտների անվտանգությունը»,- նշված է ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ: Սոցցանցի աջակցության ծառայության տեղեկացմամբ՝ ժամանակվորապես փակ է հասանելիությունը Twitter-ի մի քանի գործառույթներին, այդ թվում՝ սահմանափակված է գրանցման տվյալների ներբեռնման հնարավորությունը:
Ծառայության տեղեկություններով՝ հաքերների հարձակմանն է ենթարկվել ընդհանուր 130 ակաունտ, որից 45-ը հաքերները կարողացել են օգտագործել հրապարակումներ տեղադրելու համար, 36-ի դեպքում հասանելիություն են ստացել անձնական նամակագրությանը, իսկ յոթից կարողացել են ներբեռնել օգտատերերի անձնական տվյալները:
Հուլիսի 15-ին ամերիկյան մի քանի կորպորացիաների եւ հայտնի մարդկանց Twitter-յան էջերում գրեթե նույնաբովանդակ տեղեկություններ էին հայտնվել: Դրանցում ենթադրյալ խարդախները օգտատերերին կոչ էին անում կրիպտոարժույթով միջոցներ փոխանցել հաղորդագրություններում նշված հաշվեհամարներին: Նրանք փոխարենը խոստանում էին գումարը կրկնակի չափով վերադարձնել:
Հարձակումների էին ենթարկվել Apple եւ Uber ընկերությունների հաշիվները: Դրանից բացի, կոտրել էին Tesla եւ SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի, Amazon ընկերության ղեկավար եւ աշխարհի ամենահարուստ մարդ Ջեֆ Բեզոսի, Berkshire Hathaway ներդրումային հիմնադրամի ղեկավար Ուորեն Բաֆեթի, ռեփ երաժիշտ Քանյե Ուեսթի, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի (2009-2017), ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի անձնական էջերը, վերջինը, ինչպես սպասվում է, նախագահական ընտրություններում լինելու Դեմոկրատական կուսակցության թեկնածուն: