00:00:00

«Դա կեղծ տեղեկություն է, Վրաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի տարաձայնություն չկա». Գախարիան կեղծ է բնորոշել Վրաստանի տարածքով Սերբիայի կողմից Հայաստան զենք մատակարարելու մասին լուրը

20:02, 24 հուլիս 2020 Աշխարհ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մեկնաբանել է ադրբեջանական իշխանամետ Haqqin.az կայքի տարածած` Վրաստանի տարածքով Սերբիայից Հայաստան զենք տեղափոխելու մասին տեղեկությունը: Այս մասին գրում է netgazeti.ge կայքը: Տեղեկությունն ադրբեջանական կայքը տարածել էր հուլիսի 20-ին: Վրաստանի արտգործնախարարությունում տարածված տեղեկությունը որակել էին որպես «ապատեղեկատվություն` ուղղված երկու ռազմավարական գործընկեր երկրների հարաբերություններում արհեստական խնդիրներ ստեղծելուն»: Ավելի ուշ՝ հուլիսի 21-ին, Haqqin.az-ը որպես ապացույց բեռնատարի լուսանկար էր հրապարակել: Գախարիան նշել է, որ այդ լուսանկարում «առանց ոչ մի բանի բեռնատար մեքենա է»: «Ի՞նչ զենք»,-հարցրել է Գախարիան: «Դա կեղծ տեղեկություն է, որը տարածվել է ԶԼՄ-ների կողմից: Վրաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի տարաձայնություն չկա: Մեր ռազմավարական գործընկերությանն ու եղբայրությանը ոչինչ սպառնալ չի կարող, իսկ Վրաստանի տարանցման քաղաքականությունը հիմնված է տարածաշրջանում կայունության հաստատման վրա»,-ասել է Վրաստանի վարչապետը: Օրերս Սերբիայի առևտրի նախարար Ռասիմ Լյալիչը հայտարարել էր, որ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Միացյալ Նահանգները և ո՛չ էլ Ռուսաստանը Հայաստանի դեմ պատժամիջոցներ չեն սահմանել, ուստի Սերբիան պատճառ չի ունեցել հրաժարվելու զենք վաճառել Հայաստանին: Այդ մասին գրել էր eadaily.com-ը՝ սերբական Nova.rs պարբերականին հղումով։ Սերբական պարբերականը նշել էր, որ առևտրի գերատեսչության ղեկավարը Հայաստանին սպառազինություն վաճառելու վերաբերյալ մեկնաբանությունները հնչեցրել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովն «իր ծայրահեղ հիասթափությունն էր հայտնել Հայաստան զենքի արտահանման կապակցությամբ»: Նա հայտարարել էր, որ Սերբիան մեծ քանակությամբ սպառազինություն է մատակարարել հարևան երկիր, այդ թվում՝ ականանետեր, որոնք օգտագործվել են վերջին հակամարտության ժամանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր