Հրադադարի ռեժիմի խախտումներն սկսել են նվազել, սակայն լարվածությունը շարունակում է պահպանվել հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հետագա էսկալացիան կանխելու համար մենք՝ որպես համանախագահներից մեկը, կոնկրետ քայլեր ենք կատարում Մինսկի խմբի շրջանակներում եւ գործում ենք ինքնուրույն: Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ: Այս շաբաթ նա քննարկել է իրավիճակը Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի դեսպանների հետ: Փոխգործակցություն է իրականացվում ռազմական գերատեսչությունների միջոցով»,- ասել է նա:
Ըստ Զախարովայի՝ Երեւանը եւ Բաքուն տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս, որոնք ուղղված են զինադադարի ամրապնդմանը եւ բանակցային գործընթացի ակտիվացմանը։
Մոսկվան հույս ունի, որ միջազգային ուղեւորությունների սահմանափակումների վերացումից հետո հնարավոր կլինի առարկայականորեն մշակել հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի ամբողջ շրջանակը: