Չինաստանի իշխանությունները վճռական քայլեր կձեռնարկեն ի պատասխան Բրիտանիայի կառավարության՝ Չինաստանի եւ Հոնկոնգի դեմ ուղղված միջոցառումներին, որոնք հաջորդել են այս հատուկ վարչական շրջանում ազգային անվտանգության ապահովման մասին օրենքի ընդունմանը: Լոնդոնում Չինաստանի դեսպանությունը նման հայտարարություն է հրապարակվել է հուլիսի 21-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Վերջին շրջանում բրիտանական կողմը բազմիցս հայտարարություններով է հանդես եկել Հոնկոնգի մասին՝ միջամտելով Չինաստանի ներքին գործերին»,- նշվում է փաստաթղթում, որը հրապարակվել է դիվանագիտական ներկայացուցչության կայքում: «ՉԺՀ-ն անպայման վճռական քայլեր կձեռնարկի՝ ի պատասխան նման գործողությունների»:
Հայտարարության մեջ հստակեցվում է, որ Պեկինը կոշտ կերպով կպաշտպանի իր ինքնիշխանությունը եւ ազգային շահերը: «Մենք պնդում ենք, որպեսզի Մեծ Բրիտանիան ամբողջովին դադարի միջամտել մեր երկրի ներքաղաքական հարցերին: Կարիք չկա իրավիճակը նոր սխալներով սրել, հակառակ դեպքում Լոնդոնը ստիպված կլինի քաղել կատարվածի պտուղները»,- ընդգծվում է հայտարարության մեջ:
Ինչպես երկուշաբթի հայտնել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը, Լոնդոնը անորոշ ժամկետով դադարեցնում է արտահանձման մասին պայմանագիրը Հոնկոնգի հետ: Նա պարզաբանել է, որ Մեծ Բրիտանիան նաեւ զենքի էմբարգո կսահմանի ՉԺՀ-ի՝ հատուկ կարգավիճակով այս տարածքի նկատմամբ:
Հունիսի 30-ին Ազգային ժողովրդական կոնգրեսի մշտական կոմիտեն օրենք ընդունեց Հոնկոնգի ազգային անվտանգության մասին: Այն նպատակ ունի կանխել այնպիսի հանցագործությունները, ինչպիսիք են անջատողականությունը, ահաբեկչությունը, պետական իշխանության խաթարումը, արտաքին ուժերի հետ փոխհարաբերությունները եւ որպես պատիժ ցմահ ազատազրկում է նախատեսում: Չինաստանի կենտրոնական կառավարությունն այս հատուկ վարչական շրջանում նաեւ պետական անվտանգության հատուկ մարմիններ է ստեղծել, որոնց վրա հոնկոնգյան վարչակազմի իրավասությունը չի տարածվի: Սպիտակ տունն այս նախաձեռնությունը որպես «ինքնավարության խախտում» է ընկալել: