Մեծ Բրիտանիան «սխալ ուղղությմաբ է» շարժվում, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վան Վենբինն այն սպասումների ֆոնին, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը կհայտարարի Հոնկոնգի հետ արտահանձնման մասին համաձայնագրի դադարեցման մասին, փոխանցում է AFP-ն:
Ըստ նրա, Պեկինը «վճռականորեն դեմ է» ցանկացած միջամտության իր ներքին գործերին: «Մենք կոչ ենք անում Մեծ Բրիտանիային չգնալ այս սխալ ճանապարհով՝ չին-բրիտանական հարաբերություններին հետագայում վնաս հասցնելուց խուսափելու համար,- ասել է նա:- Չինաստանը խստորեն դատապարտում է եւ խստորեն դեմ է դրան»:
Նա նշել է, որ Պեկինը «դիմադրելու է արտաքին միջամտությանը Հոնկոնգի գործերին» եւ որ Հոնկոնգի անվտանգության մասին նոր օրենքը դատական համակարգի անկախության վրա չի ազդի։ Նա նաեւ պատասխանել է Ռաաբի մեկնաբանություններին՝ հյուսիսարեւմտյան Սինցզյան տարածաշրջանում էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ Պեկինի մեղադրանքների մասին:
Կիրակի օրը Ռաաբը BBC-ին ասել էր, որ «հասկանալի է, որ մարդու իրավունքների կոպիտ, աղաղակող խախտումներ են տեղի ունենում, եւ դա խորապես մտահոգիչ է»:
Վանը մեկնաբանությունները «ասեկոսե եւ զրպարտություն է» անվանել: «Սինցզյանի խնդիրը վերաբերում է ոչ թե մարդու իրավունքներին, կրոններին կամ ընդհանրապես էթնիկ խմբերին, այլ՝ բռնության, ահաբեկչության եւ անջատողականության դեմ պայքարին»,- ասել է նա: