Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնթը հերքել է Բելառուսի առաջնորդի հոսպիտալացման մասին լուրերը՝ հայտարարելով, որ դրանք տարածողները թող չսպասեն։
«Ավանդական՝ մի՛ սպասեք, երբեք»,-ասել է Էյսմոնթը՝ մեկնաբանելով մի շարք Telegram-ալիքներում տարածված տեղեկատվություն, որ Բելառուսի նախագահի մոտ հիպերտոնիկ կրիզ է եւ նա հոսպիտալացվել է։ Այդ հաղորդագրություններում նաեւ նշված է, որ Լուկաշենկոյի ինքնազգացողությունը վատացել էր Մինսկում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպումից մի քանի ժամ անց։
Ուրբաթ Լուկաշենկոն առաջին անգամ հանդիպել էր Միշուստինի հետ, որը մասնակցել էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում՝ Մինսկում կայացած։
Հանդիպումը տեւել է շուրջ կես ժամ։ Բելառուսի առաջնորդը նաեւ անցկացրել է հանդիպումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ղազախստանի վարչապետ Ասքար Մամինի, այնուհետեւ Ղրղզստանի վարչապետ Կուբաթբեք Բորոնովի հետ։