Առողջապահական հաջորդ ծրագրի շահառուները, ըստ նախագահ Հարությունյանի, կլինեն Արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմի բոլոր մասնակիցները: Այն հնարավորություն կտա սոցիալական այդ խմբերի ներկայացուցիչներին սրտանոթային հիվանդություն ունենալու դեպքում Արցախի և Հայաստանի բուժհաստատություններում անվճար օգտվել բուժման բոլոր տեսակի ծառայություններից՝ ներառյալ սրտի բաց և փակ վիրահատությունները: Նախագահը նշել է նաև, որ հաջորդ տարվանից առողջապահական ամբողջ համակարգը կդառնա անվճար, և բոլորը հնարավորություն կունենան օգտվելու նշված ծրագրերից:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման նոր կենտրոնի վերազինման աշխատանքներին: Արայիկ Հարությունյանը նշել է, որ մինչև տարեվերջ պետական ու բարեգործական միջոցներով ձեռք կբերվեն բոլոր անհրաժեշտ սարքավորումները, և հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին գործնական քայլեր իրականացնել այդ ուղղությամբ: