Սևանի հարակից տարածքում գործող հանրային ամփերից մեկը ցանկապատվել և վերցվել է հատուկ հսկողության ներքո։ Irakanum.am-ը ստացել է տեղեկություններ այն մասին, որ հանրային լաղափն այս տարվանից այլեւս հանրությանը չի ծառայելու։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում գտնվող սպիտակ ավազներ կոչվող տարածքը, որը նախկինում եղել է հանրային վայր սեփականաշնորհվել է գործող իշխանության ներկայացուցիչներից Հայկ և Նաիրի Սարգսյանի կողմից։ Խոսքը վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի և ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի մասին է։
Վերջերս Hraparak.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նարեկ Սարգսյանը, որոշել է չխախտել ավանդույթը ու առաջիկայում փարթի կազմակերպել Շորժայում, թեպետ երկրում հայտարարված է արտակարգ դրություն։
Ուշագրավն այն է, որ լրատվամիջոցներում այս տեղեկատվության հրապարակումից հետո անցկացվելիք փարթիի վերաբերյալ այլեւս որեւէ տեղեկություն չհրապարկվեց։ Իշխանության համակիրներից շատերն էլ ովքեր տարածում էին հիշյալ վայրից և սպասվելիք միջոցառումից լուսանկարներ հեռացրեցին իրենց սոցիալական ցանցերի էջերից։
Ի՞նչպես է ստացվել, որ հանրային լողափ քաղաքացիների մուտքն արգելված է։ Մեզ հայտնի դարձավ, որ տարածքը ոչ միայն ցանկապատվել է, այլեւ ոստիկանների կողմից է հսկողություն իրականացվում, ոչ թե նրա համար, որ ներսում քաղաքացիները պահպանեն հակահամաճարակային կանոնները, այլ պարզապես այնտեղ մուտք չգործեն։
Irakanum.am-ը պարզաբանում ստանալու համար դիմեց Գեղարքունիքի մարզպետարան։ Լրատվական կառույցից մեզ փոխանցեցին, որ իրենք որեւէ տեղեկատվության չեն տիրապետում, առաջարկելով պարզաբանում ստանալ Սևանի քաղաքապետարանից։ Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը մեզ փոխանցեց, որ սպառիչ պատասխաններ ստանալու համար պետք է կապ հաստատենք Սևանի ազգային պարկի հետ։ Ըստ քաղաքապետի իրականությանը նրանք կարող են հայտնել։
Սեւան ազգային պարկի տնօրենը արձակուրդում էր։ Համենայնդեպս այդպես փոխանցեց վերջինիս գործավարուհին։ Երբ ներկայացրեցինք խնդիրը հեռախոսին պատասխանող անձը ասաց, թե այդ հատվածում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, բայց որպեսզի պատասխանները լինեն առավել սպառիչ առաջարկեց զրուցել պարկի մոնիթորինգի վարչության պետի հետ։ Այդտեղից էլ մեզ փոխանցեցին, որ հանրային լողափը որեւէ մեկի կողմից սեփականաշնորհված չէ։ Նշեցին, որ հանրային երկու լողափերը բաց են, բայց մեքենաներով մուտք գործել Նորաշենի հատվածից արգելված է, քանի որ այն արգելոցի տարածքում է գտնվում եւ կարող են քաղաքացիները մուտք գործել փոքր խմբերով՝ շրջել ու դուրս գալ։
Մինչդեռ անգամ ոտքով շրջել քաղաքացիներին այդ հատվածում արգելված է։
Թե, ովքեր են նման որոշում կայացրել, ինչ հիմքով և վերջապես ինչո՞ւ հանրային տարածքը այլեւս հանրության սեփականությունը չէ կանդրադառնանք առաջիկայում։ Հավելենք, որ Հայկ և Նաիրի Սարգսյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։ Պատրաստ ենք ներկայացնել նաեւ վերջիններիս տեսակետը։
Irakanum.am