ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կարծիքով, կորոնավիրուսի համաճարակի տարածմամբ պայմանավորված խիստ սահմանափակումների վերադառնալու դեպքում, տնտեսական հետևանքները կարող են նաև անդառնալի լինել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գրիգորյանն ասաց հունիսի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ կառավարությունն ու պարետատունը շարունակում են քննարկել խիստ սամանափակումների ռեժիմ վերադառնալու հնարավորությունը:
«Փակված չէ այդ հարցը, բայց կախված նրանից, թե ինչ ժամանակահատված կենթադրի «lockdown» կոչվածը, վնասները կարող են տարբեր լինել, այդ թվում՝ անդառնալի: Դա մի գործիք է, որը անհրաժեշտության դեպքում պետք է կիրառել, բայց շատ զգուշավոր, որովհետև պետք է գիտակցենք դրա հետևանքներն ու արդյունավետությունը»,- ասաց Գրիգորյանը:
Հայաստանում հունիսի 11-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14 669 դեպք, որոնցից 5466-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8876 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 75 389 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 245 դեպք:
Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: