Առողջապահության նախարարության կողմից համավարակի դեմ պայքարը տապալված է, չունենք ճիշտ վիճակագրական տվյալներ, որոնց վրա կկարողանան հիմնվել բժիշկները ու ճիշտ օգնություն կցուցաբերեն:
Այս մասին այսօր Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Մասիսի ԲԿ-ի նախկին տնօրեն, «Պարացելսուս» ՀԿ հիմնադիր-նախագահ Նունե Ներսիսյանը: Նա հայտնեց, որ ըստ պաշտոնական տվյալների՝ այս ընթացքում մոտ 70 հազար թեստավորում է արվել և մոտ 14 հազար վարակակիր է արձանագրվել: «Մի մարդուն ամենաքիչը թեստավորում են երկու անգամ: Ստացվում է, որ թեստավորվել է քաղաքացիների մոտվորապես 40 տոկոսը, ինչը բավականին ցածր ցուցանիշ է»,-ասաց բժիշկը: Նա ընդգծեց՝ իրավիճակը ճիշտ գնահատելու, կորոնավիրուսի «զարգացումը» հասկանալու և գնահատական տալու համար համատարած թեստավորում պետք է լիներ:
Դիտարկմանը, թե Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտարարել է, որ տնային պայմաններում բուժում ստացող քաղաքացիները վերջնական թեստավորում չեն անցնում, Ներսիսյանը պատասխանեց՝ նշելով, որ առողջապահության նախարարն ու պարետը քնում, արթնանում ու նոր որոշումներ են կայացնում:
«Նախկինում ասում էին, թե կրկնվող դեպքեր են լինում, օրինակ՝ Մարալիկում կար անձ ում 4-5 անգամ թեստավորել էին, այսինքն անիմաստ թեստեր էին վատնում, իսկ հիմա ասում են, որ տանը մեկուսացվածներին վերջնական չեն թեստավորելու: Մեր երկրի վարչապետն էլ իբրև թե 4-5 օրում բուժվեց և հայտարարեց, որ այլևս չի թեստավորվելու, միգուցե անցնի մի քանի օր, այս եռացող խոսակցությունները հանդատրվեն և նորից որոշեն, որ տանը մեկուսացվածներին նույնպես պետք է թեստավորել»,-նշեց մեր զրուցակիցը:
Անդրադարռնալով Թորոսյանի մեկ այլ հայտարարությանը, թե կորոնավիրուսը դեղերով հնարավոր չէ կանխարգելել, դա հնարավոր է միայն պատվաստումով, «Պարացելսուս» ՀԿ հիմնադիր-նախագահը նշեց, որ ինքը դեմ է պատվաստանյութի օգտագործմանը: «Ելնելով տարատեսակ իրավիճակներից, լրատվականներում տարածվող տեղեկություններից չեմ վստահում «KV» կազմակերպությանն ու իր կողմից տրամադրված թեստերին: COVID-19 նոր վարակ է և հիմա դրա պատվաստանյութի մասին խոսելու համար շատ շուտ է:
Նախ, այս պահին դրա պատվաստանյութը չկա, և եթե անգամ լինի, ապա ցանկացած պատվաստանյութ պետք է երկարատև թեստեր անցնի, որպեսզի հասկանանք օգուտ է տալիս, թե՞ ունքի փոխրեն աչքն էլ է հանում: Երկարատև թեստավորում ասվածը 15-ից 30 տարի է, այսինքն ասել՝ պատվաստանյութի միջոցով կարող ենք կանխել վիրուսը, նույնն է թե չեղած բանի մասին խոսել»,-շեշտեց Նունե Ներսիսյանը:
Սոնա Գևորգյան