Շատ բարդ եւ անսպասելի իրավիճակներ ունեցանք եւ հիմա մեր ամենամեծ մարտահրավերը, որը հավելյալ առաջացել է ոստիկանության գործառույթներում, կորոնավիրուսի համավարակն է: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, Ոստիկանությունում նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանին ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ համավարակը ժամանակավոր է եւ այն կհաղթահարենք շատ շուտով կամ մի փոքր ուշ:
«Առաջիկայում էլ համավարակի հաղթահարման գործում էական է լինելու ոստիկանության աշխատանքի որակը: Որքան էլ ոստիկանության ողջ անձնակազմը հյուծման եզրին է գտնվում, պետք է նոր էներգիա հաղորդել, որքան էլ դա անհնար թվա:
Հենց սկզբից պետք է կենտրոնանալ հակահամաճարակային կանոնների պահպանման եւ այս համատեքստում ոստիկանության ծառայության որակի, արագ նկատելի բարելավման վրա»,-ասաց Փաշինյանը: