Ռուսաստանի 84 շրջանում նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 9974 նոր դեպք, մահացել է 93, ապաքինվել՝ 5527 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։
Մայիսի 2-ից ի վեր սա վարակման նոր դեպքերի ամենացածր օրական ցուցանիշն է: Նշվում է, որ վարակման դեպքերը երրորդ օրն անընդմեջ նվազում են․ վարակակիրների թիվը մայիսի 11-ին եղել է 11 656, մայիսի 12-ին՝ 10 899, իսկ 13-ին ցուցանիշը հասել է 10 028-ի։
Աղբյուրը մանրամասնում է, որ անցյալ օրը վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են մայրաքաղաք Մոսկվայում՝ 4712, այնուհետև Մոսկվայի մարզում ՝ 918, Սանկտ Պետերբուրգում՝ 460, վարակակիրներ կան նաև Նիժնի Նովգորոդի, Իվանովոյի, Վոլգոգրադի, Սարատովի մարզերում, Դաղստանում, Կրասնոդարի երկրամասում և այլ շրջաններում։
Համավարակի սկզբից երկրում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 252 245-ի, հիվանդությունից մահացել է 2305, ապաքինվել՝ մոտ 53 000 մարդ։ Ռուսաստանն այժմ աշխարհում կորոնավիրուսի ամենաշատ վարակակիրների թվով երրորդ երկիրն է և հաջորդում է միայն ԱՄՆ-ին և Իսպանիային։
Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 4,4 միլիոն մարդ, որից 298 201-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների թվով ԱՄՆ, Իսպանիա, Ռուսաստան եռյակին հաջորդում են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Իրանը, Չինաստանը: