00:00:00

Չինաստանը քննարկում է ամերիկացի պաշտոնյաների դեմ պատասխան պատժամիջոցների հարցը

13:13, 14 մայիս 2020 Աշխարհ

Չինաստանը չափազանց դժգոհ է COVID-19-ի տարածմանը Պեկինի մասնակցության հարցում ԱՄՆ դիրքորոշմամբ եւ քննարկում է առանձին անձանց, կազմակերպությունների եւ պաշտոնատարների դեմ պատասխան պատժամիջոցների հարցը, հայտնում է Global Times-ը՝ վկայակոչելով աղբյուրներին: Ավելի վաղ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հայտնել էր, որ ԱՄՆ Սենատ է ներկայացրել COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով Չինաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ «COVID-19-ի համար պատասխանատվության մասին» օրինագիծ, որը նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկում է պատժամիջոցներ սահմանել, եթե Չինաստանը չներկայացնի հիվանդության բռնկման առաջացման մասին ամբողջական հաշվետվություն: Օրինագծին աջակցել են եւս 8 հանրապետական սենատորներ: Չինաստանը օրինագծի ներկայացման կապակցությամբ վճռական բողոք է հայտնել՝ այն փաստերն անտեսող անվանելով: Պարբերականի տեղեկություններով՝ պատժամիջոցային ցուցակի մեջ կներառվեն նվազագույնը 4 կոնգրեսական եւ 2 կազմակերպություն: Պատժամիջոցների ենթարկվելու «թեկնածուների» թվում է նաեւ Միսուրի նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շմիդտը, որը Չինաստանին դատի է տվել՝ մեղադրելով կորոնավիրուսի համավարակի մեջ: «Չինաստանը կպատասխանի ոչ թե սոսկ խորհրդանշորեն, այլ կընդունի հակամիջոցներ, որոնք նրանց համար ցավագին կլինեն»,- ասել են վերլուծաբանները: ԱՄՆ Սենատ ներկայացված օրինագծով առաջարկվում է 2 ամսվա ընթացքում Կոնգրեսին հավաստել, որ Չինաստանը տրամադրել է համավարակի առաջացման վերաբերյալ ամբողջական հաշվետվություն եւ փակել է բոլոր շուկաները, որտեղ վիրուսը կարող էր վայրի կենդանիներից անցնել մարդկանց: Գրեմը միաժամանակ պահանջում է ազատել բոլոր ակտիվիստներին, որոնք Հոնկոնգում ձերբակալվել են համավարակը սկսվելուց հետո: Օրինագծի հեռանկարները հստակ չեն: Թրամփը Չինաստանին քննադատում է եւ հրապարակայնորեն մտորում այն մասին, թե Պեկինին ինչպես ստիպի «վճարել» համավարակի համար: Ընդ որում՝ դեմոկրատները, որոնք Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն են կազմում, չեն աջակցում վիրուսի պատճառով Չինաստանի դեմ պատժամիջոցների սահմանման գաղափարին: Անբավարար թափանցիկության վերաբերյալ ԱՄՆ բոլոր մեղադրանքները Չինաստանը հերքում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր