Ռուսաստանի 83 շրջանում նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 10 899 նոր դեպք, գրանցվել է մահվան 107 դեպք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։
Աղբյուրը մանրամասնում է, որ անցյալ օրը վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են մայրաքաղաք Մոսկվայում՝ 5392, այնուհետև Մոսկվայի մարզում ՝ 1063, Նիժնի Նովգորոդի մարզում՝ 354, Սանկտ Պետերբուրգում՝ 339, Կրասնոյարսկի երկրամասում՝ 227 դեպք։ Հայտնի է, որ նոր վարակակիրներից 4704-ի մոտ (43,1 տոկոս) հիվանդությունը որևէ կլինիկական ախտանշաններով չի արտահայտվել։
Համավարակի սկզբից երկրում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 232 243-ի, հիվանդությունից մահացել է 2116, ապաքինվել՝ մոտ 43 000 մարդ։ Ռուսաստանն այժմ աշխարհում կորոնավիրուսի ամենաշատ վարակակիրների թվով երրորդ երկիրն է և հաջորդում է միայն ԱՄՆ-ին և Իսպանիային։
Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 4,2 միլիոն մարդ, որից 287 513-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների թվով ԱՄՆ, Իսպանիա, Ռուսաստան եռյակին հաջորդում են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Բրազիլիան, Թուրքիան, Իրանը, Չինաստանը: