«Հարգելի պարոն վարչապետ, ցավդ տանեմ, պարոն Փաշինյան ջան, նման բան չի կարող լինել պրոյեկտի ֆինանսավորման մեջ: Չի կարող մի քանի կազմակերպություն, որոնք ֆինանսավորում են մի պրոյեկտ, ասեն, թե՝ մենք ֆինանսավորում ենք այդ պրոյեկտի միայն այ այս հատվածը: Դա Ձեզ ասում եմ՝ որպես 22 տարի հեռուստատեսային պրոդյուսերի փորձ ունեցող մարդ»,- անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը չեմպիոնի մասին է» հայտարարությանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Արմենիա» ՀԸ նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
Խոսելով ֆիլմերի ֆինանսավորման մասին՝ Մխիթարյանն օրինակներ վկայակոչեց.
«Հիմա, ըստ Ձեզ, դուրս է գալիս, որ, օրինակ, «Հիմնական բնազդ» ֆիլմում TriStar Pictures-ը, որը ֆինանսավորող ընկերություններից մեկն է եղել, վաղը-մյուս օրը կարող է ասել, որ մենք ֆինանսավորել ենք Շերոն Սթոունի կերպարի միայն գրող-բանաստեղծուհի լինելու հատվածը, այն ոտքը ոտքին գցելու հատվածի հետ մենք ընդհանրապես կապ չունենք: Չի կարող նման բան լինել»,- ասում է Մխիթարյանը՝ հավելելով, որ, եթե վարչապետը նման կարծիք է հայտնում, ապա պետք է իմանա, որ նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ Մելինե Դալուզյանի սպորտային նվաճումներից տասնապատիկ ավելի շատ նվաճումներ ունեցող չեմպիոններ գոյություն ունեն:
22 տարվա պրոդյուսերը վարչապետին անգամ առաջարկ ներկայացրեց:
«Պաշտոնապես հայտարարում եմ՝ պատրաստ եմ այդ 20 միլիոն դրամով նկարահանել նորանկախ Հայաստանի Հանրապետության 20 չեմպիոնների մասին փաստավավերագրական ֆիլմեր: Ոչ թե մեկ ֆիլմ՝ անորոշ բովանդակությամբ, պարզ չի՝ ինչի մասին, այլ 20 փաստավավերագրական ֆիլմ նորանկախ Հայաստանի չեմպիոնների մասին, որոնց նվաճումներն իրոք շատ կարևոր են ու էական են Հայաստանի Հանրապետության համար»,- ասաց Մխիթարյանը:
«Եթե ասում եք, որ ֆինանսավորելու եք միայն Մելինե Դալուզյանի չեմպիոնության մասին հատվածները, բա Մելինե Դալուզյանի Հայաստանից արտագաղթելու և ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու հատվածնե՞րը ով է ֆինանսավորելու: Վաղն ասելու եք, թե դրա պատասխանատուն Ավստրիա՞ն է, մենք դրա հետ ընդհանրապես կապ չունե՞նք»,- հավելեց Մխիթարյանը՝ Փաշինյանին հորդորելով վերանայել որոշումը ու չկրկնել Արայիկ Հարությունյանի ասածը, թե «Մել» ֆիլմը ֆինանսավորելու որոշումը կայացվել է ՀՀԿ-ի օրոք:
«Արայիկ Հարությունյանը, որի հրաժարականը պահանջում են և ճիշտ են անում երիտասարդները, որը խորապես տապալված նախարար է, ասել էր, որ այդ Մելինե Դալուզյանի ֆիլմը ֆինանսավորելու որոշումն ընդունվել է ՀՀԿ-ի օրոք: Շատ վատ է եղել, որ ընդունվել է ՀՀԿ-ի օրոք: Հիմա դուք ունեք բոլոր լեգիտիմ իրավունքներն այդ որոշումը չեղյալ համարելու: Այդ որոշումը բացարձակապես կապ չունի ՀՀ սահմանադրությանը հղում անելու հետ, բացարձակապես կապ չունի ԱԺ-ի հերթական նիստ հրավիրելու հետ: Այդ որոշումը դուք միանշանակ կարող եք բեկանել: Միայն ցանկություն է պետք»,- ասում է Ռուբեն Մխիթարյանը:
Իսկ ինչ վերաբերում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ նա ասաց.
«Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին, անկախ նրանից, որ նա ձեր ամենահավատարիմ կուսակցական, ամենահավատարիմ գաղափարակից ընկերներից է, այդ նախարարը խորապես տապալվել է»:
ԿԳՄՍ նախարարության մասին խոսելիս Մխիթարյանը մեջբերեց Գագիկ Գինոսյանի խոսքը, թե կրթությունն ու մշակույթը մի մարմնի 2 ոտքերն են:
«Երբ դու այդ երկու ոտքերը կապում ես իրար, դարձնում ես մեկ, մեկ ոտքը չի կարող առողջ մարմնի մաս համարվել, մեկ ոտքով քայլել հնարավոր չէ: Հիմա դուք ոչ թե 2 ոտք եք իրար միացրել, այլ՝ 4, և դա արդեն պարզ չի, թե ինչ օրգանիզմ է»,- ասաց Ռուբեն Մխիթարյանը: