Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամներ Հովհաննես Խուդոյանն ու Արամ Օրբելյանն այսօր մամուլի ասուլիսով հանդես եկան՝ անդրադառնալով իրենց պաշտպանյալի գործով վերջին զարգացումներին: Դատավոր Աննա Դանիբեկյանը, ինչպես հայտնի է երեկ մերժեց երկրորդ նախագահին գրավի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպանների հերթական միջնորդությունը: «Եթե դատարանը գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանը, ազատության մեջ լինելով, կարող է խոչընդոտել քննության ընթացքին, ուրեմն պետք է դա պատճառաբանի, ոչ թե փորձի հղումներ անել իրավական կարգավորումներին»,-ասուլիսի ընթացքում հայտարարեց փաստաբան Արամ Օրբելյանը: Նրա պնդմամբ՝ Ռ. Քոչարյանի կալանքն ապօրինի է, և քանի դեռ այն չի վերացել՝ այդ ուղղությամբ բոլոր հնարավոր քայլերին գնալու են: Ռ. Քոչարյանն ըստ փաստաբան Օրբելյանի պետք է լինի ազատության մեջ, իսկ դատարանն էլ պետք է որոշի իր համար` կա´մ ինքը դատարան է, կա´մ դատարան չէ: Դատարանը կիսաքայլեր չպետք է կատարի: Փաստաբան Հովհաննես Խուդոյանի պնդմամբ՝ գրավի միջնորդությունը չընդունելու համար դատարանը հիմքեր չունի: «Երկրի ներքին օրենսդրությունը չպետք է որևէ արգելք սահմանի գրավի կիրառման համար: Օրենքը, որով գրավը կիրառվում է միայն ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար, կա և գործում է տասնամյակներ շարունակ, բայց չի կիրառվում, քանի որ այն հակասում է Եվրոպական դատարանի պրակտիկային, գրավը կիրառվում է նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում, ինչն ուղղակի հակասում է օրենքին, բայց առաջնահերթ է ոչ թե օրենքը, այլ մարդու իրավունքը»,-ասաց Հովհաննես Խուդոյանը: