00:00:00

Երևանում մեկնարկել են Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրերը

14:32, 07 նոյեմբեր 2019

Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրերը տալիս են Հայաստանի և Եվրամիության միջև բարձրագույն կրթության ոլորտում հասանելի դրամաշնորհային և ռազմավարական համագործակցության հնարավորություններ: Տեղեկատվական օրերի ընթացքում հրապարակվելու են Էրազմուս+ ծրագրի նորությունները, որոնք արտացոլված կլինեն 2020թ. Էրազմուս+ առաջարկների ամփոփիչ մրցույթում: Հանրությունը նոյեմբերի 7-ին և 8-ին կտեղեկանա Հայաստանում Էրազմուս+ բարձրագույն կրթության միջազգային ծրագրերի իրականացման արդյունավետության և շարունակականության հնարավորությունների մասին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ Էրազմուս+ ծրագիրը 24 տարվա մեջ առաջին անգամ է իրենց նախարարությունում իրականացվում: «Այս փաստը խորհրդանշական է: Սա վկայում է այն մասին, որ ծրագրի իրականացումը նպաստում է Հայաստանի ԲՈւՀ-երի կարողությունների հզորացմանը: Անցած տարիների ընթացքում, Հայաստանի շատ ԲՈւՀ-եր, ինչպես նաև նախարարությունը մասնակցություն են ունեցել բարձրագույն կրթության արդիականացման տարբեր հանգուցային լուծմանն ուղղված բազմաթիվ նախագծերում: Դրանց շուրջ ձևավորված ԲՈւՀ-ական կոնսորցիումները ներառել են եվրոպական և տարածաշրջանային մեծաթիվ համալսարաններ»,- նշեց Հարությունյանը: Նրա խոսքով՝ նախագծերի իրականացման արդյունքում իրենց լուծումն են ստացել բարձրագույն կրթության բարեփոխումների այնպիսի հենքային խնդիրներ, ինչպիսիք են՝ ԲՈւՀ-երի որակի ապահովման մեխանիզմների ձևավորումը, կրեդիտային համակարգի ներդրման հարցերը, բարձրագույն կրթության երկաստիճան համակարգի համապատասխանեցումը ժամանակակից պահանջներին, միջազգայնացմանն ուղղված վերափոխումները: «Մենք ակնկալում ենք նախագծերի իրականացման ավելի էական ազդեցություն ԲՈւՀ-ական միջավայրի վրա՝ մշակված և ներդրված մեխանիզմների տևական զարգացման տեսանկյունից: Հայաստանի բարձրագույն կրթության համակարգն այժմ արմատական բարեփոխումների շեմին է, շրջանառության մեջ է դրվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը, որը լուրջ հեռանկարներ է բացում մեր երկրի բարձրագույն կրթության արագընթաց զարգացման համար»,- ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարը: Հարությունյանը շեշտեց, որ Էրազմուս+ ծրագրի նախագծերը կարող են էապես խթանել բարձրագույն կրթության բարեփոխումների իրագործմանը: Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը նշեց, որ շատ կարևոր է աջակցել երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց ուսումը արտերկրում: «Մենք նաև փորձում ենք այնպես անել, որպեսզի երիտասարդները սովորելուց հետո վերադառնան Հայաստան և աշխատեն իրենց երկրում: Մեզ համար շատ կարևոր է, որ ՀՀ կառավարությունը և հատկապես Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կարևորում են նմանատիպ նախաձեռնությունները: Մենք մեծ քանակությամբ հիասքանչ հնարավորություններ ենք ընձեռում երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան սովորել և աճել»,- ասաց Վիկտորինը:
Նա հպարտությամբ նշեց, որ 2019 թվականին 13 հայ, որից 10-ը կին՝ ստացել է ամբողջական կրթաթոշակ: Նոյեմբերի 8-ին տեղեկատվական օրերը տեղի կունենան Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: «Էրազմուս+»-ը ԵՄ ծրագիր է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով, որը գործելու է 2014-2020 թթ. ընթացքում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 14.774 մլրդ եվրո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր