«Սինոփսիս Արմենիա» ընկերությունը տոնում է իր հիմնադրման 15-ամյակը: Ընկերությունը 15 տարվա գործունեության արդյունքում ոչ միայն կպահպանի, այլ նաև կընդլայնի իր գործունեությունը: Երևանում ընկերության 15-ամյակի միջոցառմանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պետական պաշտոնատար անձինք, Սինոփսիս ընկերության նախագահը և այլք:
«Սինոփսիս ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանը նշեց՝ այսօր ընկերությունը 3 մլրդ դոլար եկամուտ և 13 հազար աշխատակից ունի: «Մենք առաջինն ենք ավտոմատացված նախագծման համակարգերի բնագավառում, ծրագրային անվտանգության ապահովման ոլորտում և շատ այլ ոլորտներում: Ինձ դուր է գալիս աշխատել «Սինոփսիս Արմենիա»-ի հետ, քանի որ այն թույլ է տալիս գործ ունենալ այսպիսի հետաքրքիր ոլորտների հետ: Ընկերությունն ունի ավելի քան 850 աշխատող և մոտ 200 ուսանող: Հավանական է, որ շատերի գրպաններում կան 7 նանոմետր տեխնոլոգիայով նախագծված չիպեր: Ընկերությունը հիմա աշխատում է նոր չափերով չիպերի վրա: «Սինոփսիս Արմենիա»-ն հանդիսանում է առաջատար USB չիպերի նախագծման ընկերություն: Ընկերությունը նաև ստեղծում և տարածում է ուսումնական նյութեր, ձեռնարկներ համալսարանների համար աշխարհով մեկ»,-ասաց Սինոփսիսի նախագահ ու հավելեց՝ պլանավորում են հետագա տարիներին շատ բարդ նախագծեր իրականացնել:
Նա հիշեց՝ երբ առաջին անգամ եկել է Հայաստան, շատ է տպավորվել հայ ճարտարագետների գիտելիքներով և նրանց նախագծերով:
«Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանը նշեց, որ Երևանում իրենց գործունեությունը կբյուրեղացնեն, սակայն Երևանով չեն սահմանափակվի: «Գյումրիում արդեն հայտարարել ենք, որ այնտեղ ևս աշխատանք ծավալենք»,-նշեց նա:
Միջոցառման շրջանակում կայացավ նաև ՏՏ ոլորտի լավագույն ուսանողների և աշակերտների Կրթական Պարգևի 15-րդ հոբելյանական մրցանակաբաշխության հաղթողների պարգևատրման արարողությունը: Պարգևները հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: