ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի ուսանողները դասադուլի են դուրս եկել` Հայոց լեզու, հայ գրականություն եւ պատմություն առարկաները բուհական ծրագրերում ոչ պարտադիր դարձնելու համար, նրանց են միանում այլ ֆակուլտետներից: «Բոլոր ուսանողները ոտքի են կանգնել, ու քանի որ մեր բուն մասնագիտությունը հայոց լեզուն եւ գրականությունն է, մեր ֆակուլտետն ավելի ոգեւորված պետք է առաջ տանի այս դասադուլը…Դասախոսներ կան, որ մեզ աջակցում են ու մեր կողքին են»,-ասաց ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողուհիներից մեկը: «Մեր պահանջը կապված է նախարարի վերջին որոշման հետ, որը օրենքի նախագիծ է ու դեռ քննարկման փուլում է: Սա ուղղակի նախազգուշական դասադուլ է… Հայոց լեզուն որեւէ մեկը չի բերել իրենց տանից: Նախարարին էլ կոչ ենք անում որեւէ որոշում կայացնելուց առաջ խորհրդակցել մասնագետների հետ, մասնագիտական խորհուրդ կազմել»,-ասաց բանասիրական ֆակուլտետի ուսանողներից Գեւորգ Գյուլումյանը: «Եթե մարդու ոտքը ցավում է, այդ ոտքը բուժում են, ոչ թե կտրում, նախարարն ասում է դպրոցներում մակարդակը կբարձրացնենք, թող փորձի, հետո խոսի, մի գործը չարած, էն մյուսն է անում… Եթե նախարարը հաշվի չառնի այսքան ուսանողների ու դասախոսների խոսքը, մտահոգությունը, պահանջը, մենք պատրաստվում ենք բողոքի ցույցեր իրականացնել խորհրդարանի, կառավարության եւ նախարարության շենքերի մոտ: Եվ վերջիվերջո, եթե այսպես շարունակվի, Արայիկ Հարությունյանը ոնց քայլելով եկել է, այդպես քայլելով հետ կգնա»: