Ռ. Քոչարյանն այսօր դատարանում գրավի դիմաց ազատ արձակվելու իր պաշտպանների միջնորդության քննության ժամանակ ելույթով հանդես եկավ: Նա նշեց, թե համոզված է, որ դահլիճում ներկա գտնվողներից շատերը լավ գիտակցում են, որ չկան ոչ հիմքեր, ոչ պայմաններ իրեն կալանքի տակ պահելու: «Սա ուղղակի հետևանքն է Հայաստանում մի գործընթացի, որն ինձ թիրախավորել է որպես նշանակված մեղավոր: Այս ամենը հասկանալի է հատկապես վերջին իրադարձությունների հետ կապված, մասնավորապես Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումների:
Հասկանում եմ, թե ինչ վիճակում են հայտնվել դատավորները, երբ այդ ֆեմիդայի կշեռքի վրա մի կողմից դնում են իրենց խոցելիությունը իշխանությունների, դատախազության, իրավապահ մարմինների առջև, իսկ այդ կշեռքի մյուս կողմի վրա դրվում է իր արժանապատվությունը, իր արհեստավարժությունը, իր խիղճը: Ցավոք սա է իրականությունը: Ըստ էության կան շենքեր, դատավորներ, դատախազներ: Այս ամենը ինչը կոչվում է արդարադատություն, բայց չկա ինքը արդարադատությունը, քանի որ իմ նկարագրած սխեմայի մեջ արդարադատությունը գոյություն չունի: Իմ համար տհաճ է կանգնել այստեղ և փորձել համոզել, որ ես փախնելու մտադրություն չունեմ և խոչընդոտելու մտադրություն չունեմ, ուղղակի իմ կենսագրության հետ չի բռնում: Ընդհանրապես դահլիճի այս թևում նստածներից ոչ մեկը ոչ փախնող է, ոչ խոչընդոտող է:
Մարդիկ իրենց ամբողջ կյանքում առաջնորդվել են իրենց արժանապատվությամբ և հայրենասիրությամբ: Սա է փաստը: Հիմա ով ինչ խոսի փաստ է, որ սա մեր կենսագրությունից ոչ ոք չի կարող ջնջել: Ուստի ստիպված պետք է կրկնեմ, որ չեմ խոչընդոտելու, խուսափել արդարադատությունից՝ մտադրություն չունեմ: Ես ավելի շատ եմ շահագրգռված արդար դատավարության մեջ, բոլորից շատ: Ուղղակի ուզում եմ ասել ,որ խոչընդոտելու սուբյեկտ չկա: Ես չեմ պատկերացնում , թե ես ոնց պետք է մի վկայի ասեմ, թե գիտես ցուցմունքդ լավ չի, բեր մի քիչ փոխիր , ամոթից կմեռնեմ»,-նշեց Քոչարյանը: Դատարանը հեռացավ խորհրդակցավան սենյակ: Միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին: