00:00:00

Հունաստանի նախագահը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

15:14, 05 նոյեմբեր 2019

Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը նոյեմբերի 5-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հունաստանի նախագահին ուղեկցում էին Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը նախագահ Պավլոպուլոսին ներկայացրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ստեղծման պատմությունը։ Հունաստանի նախագահը նաև շրջայց կատարեց թանգարան-ինստիտուտում, գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում:
«Հայոց ցեղասպանության հիշողությունը պետք է պահպանվի, չէ որ եթե ցեղասպանությունները մոռացվեն, այդ հանցագործությունները նորից կկրկնվեն: Սա ուղերձ է Երևանից բոլորին: Տեսնում ենք, որ աշխարհում նմանատիպ իրադարձությունները կրկնվում են, և կան անձինք, ովքեր թշնամի են մարդուն և քաղաքակրթությանը: Մենք վերապրել ենք նույն սարսափը, ինչ հայերը: Անչափ շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության նախագահին և կառավարությանը մեզ հյուրընկալելու համար, որովհետև հայ-հունական հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն, և մենք պետք է պահպանենք այս ընդհանուր հիշողությունը»,-  լրագրողների հետ զրույցում ասաց Հունաստանի նախագահը: Այնուհետև Պրոկոպիոս Պավլոպուլոսը Ծիծեռնակաբերդի ծառուղում խորհրդանշական եղևնի տնկեց: 1996 թվականի ապրիլի 25-ին Հունաստանի խորհրդարանը որոշում էկայացրել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 2014 թվականի սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանն ընդունել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր