00:00:00

Իշխանությունները հետևողականորեն գնում են արժեհամակարգերի հիմնավոր փլուզման. «Փաստ»

13:00, 05 նոյեմբեր 2019 Մամուլ

«Փաստ»-ը գրում է. «Երբ մեկուկես տարի առաջ տեղի ունեցավ իշխանափոխություն, մարդիկ հույս ունեին, թե նոր իշխանությունները հասարակությանը համախմբելու միջոցով ճանապարհ կբացեն երկրի զարգացման համար, սակայն Փաշինյանը և իր կողմնակիցները չարդարացրին այդ հույսերը: Նրանք ոչ միայն հասարակությանը բաժանեցին սևերի ու սպիտակների, այլև այնպիսի քաղաքականություն են վարում, որով փաստացի դեմ են գնում հասարակության ներսում առկա տրամադրություններին: Այստեղ խոսքը վերաբերում է հայ հանրության մեջ դարերով արմատավորված ազգային արժեհամակարգը փոխելուն միտված քայլերին: Կառավարության աջակցության ներքո փորձ է կատարվում հասարակությանը կտրել իր ազգային, պատմական արմատներից: Թերևս սրանով են պայմանավորված, որ իշխանություններն այնպիսի նախաձեռնություններով են հանդես գալիս, ինչպես Արցախյան պատերազմի հերոսների անցած ուղու արժեզրկումը և պիտակավորումը, կրթական ծրագրերում հայագիտական առարկաների դերի նվազեցումը, հասարակության համար անընդունելի և անբարոյական երևույթների խրախուսումը և այլն: Եվ այս համատեքստում պատահական չի կարող լինել, որ իշխանությունն անթաքույց մտադրություն ունի Ստամբուլյան կոնվենցիան շատ արագ վավերացնել խորհրդարանում, որի ընդգրկումը ԱԺ օրակարգում կարող է լուրջ հանրային հուզումների տեղիք տալ: Իսկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ավելի հեռուն է գնում՝ փաստացի հայտարարելով, որ հասարակությունն իր ընտրած իշխանության միջոցով չի կարող իր համար անընդունելի երևույթներն արգելել նույնիսկ այն դեպքում, երբ դրանցից եկող բազմաթիվ վտանգներ է տեսնում: Եվ այս համատեքստում պետք է դիտարկել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտ տեղի է ունենում «ՀուԶանք ուԶանգ» «ներկայացումը», որն իրենից որևէ արժեք չէր ներկայացնում և ըստ էության հարցականի տակ էր դնում կնոջ պահվածքի, խոսելու և շարժվելու ձևի հանրային ընկալումը: Այսպիսի միջոցառումների իրականացումը խրախուսելով՝ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իրենք առաջադիմական են և կարող են գումարներ տրամադրել նման միջոցառումների կազմակերպման համար, սակայն երբ հարցը վերաբերում է հանրությանը հուզող խնդիրներին, ապա դրանց համար գումարներ չկան: Մի հարցում երկար անունով նախարարության ղեկավարի հետ համաձայն ենք՝ գրաքննությունը լավ բան չէ: Միայն թե անհասկանալի է, թե մշակույթի ոլորտում ո՞րն է իրավասու կառույցի դերն ու նշանակությունը: Եթե խոսում ենք արվեստի, ստեղծագործելու ազատության և իրավունքի մասին, ապա խոսք կարող է լինել բացառապես կամերային միջոցառումների մասին. տոմս վաճառեք, ով կգա, կգա... Այն էլ, իհարկե ոչ պետբյուջեի հաշվին: Բայց կազմակերպել բացօթյա անճաշակություն, որն իր մեջ կասկածելի բովանդակություն է պարունակում (ներողություն այս դեպքում բովանդակություն բառն օգտագործելու համար), այսինքն՝ հասարակությանը պարտադրել որոշակի «ճաշակ», մեղմ ասած, անընդունելի է: Հանուն արդարության, սակայն, պետք է նշել, որ պակաս անընդունելի չէ նաև «զելյոնկայի» ճանապարհով հարց լուծելը: Բռնությունը պետք է իսպառ բացառվի: Տարօրինակ էր նաև մետրոյի կայարանի այդ հատվածը խնկարկողների պահվածքը: Այսինքն, գործ ունենք տարաբևեռ ծայրահեղությունների հետ: Սակայն փաստը մնում է փաստ, որ իշխանությունները հետևողականորեն գնում են արժեհամակարգերի հիմնավոր փլուզման: Իրենց այս քաղաքականությունն արդարացնելու համար ներկայիս իշխանությունները արհեստական հարց են բարձրացնում, թե արդյոք Ստամբուլյան կոնվենցիա՞ն կամ արվեստի միջոցառո՞ւմն է, որ խանգարում է երկրի զարգացմանը, հավելելով, թե դա ցանկանում են շահարկել «դավադիրները»: Սակայն ինչքան էլ իշխանությունը փորձի հանրային դժգոհությունների ի հայտ գալը սրբագրել նախկինների կամ դավադիրների միջոցով, միևնույն է՝ հասարակության գերակշռող մեծամասնությունը դեմ է ազգային արժեհամակարգի դեմ ուղղված քաղաքականությանը: Եվ բոլորի համար պարզ է, որ եթե կառավարությունը հաջողացրեց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը կամ մարդկանց համար անընդունելի մյուս ծրագրերը իրականություն դարձնել, ապա դրանով ամեն ինչ չի սահմանափակվելու, արդեն հրապարակ են բերվելու նմանատիպ այլ նախաձեռնություններ»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր