00:00:00

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ներկայացուցիչներին

15:31, 11 հոկտեմբեր 2019

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պաշտոնեությանը` ուղեկցությամբ Պորտուգալիայում հիմնադրված Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախագահ Վահե Մխիթարյանի, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը: Պարոն Վ. Մխիթարյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկացրել է, որ այցը կազմակերպվել է Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված «Պորտուգալիայի օրերը Հայաստանում» միջոցառումների շրջանակներում և հույս է հայտնել, որ այն կնպաստի Հայաստանի և Պորտուգալիայի միջև կապերի առավել սերտացմանը: Հայրապետական իր օրհնությունը բերելով ներկաներին` Նորին Սրբությունը բարձր է գնահատել հիմնադրամի առաքելությունը և այն օգտաշատ աշխատանքը, որ հիմնադրամի ջանքերով իրականացվում է Հայաստանի և հայ ժողովրդի կյանքում: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ փաստել է, որ հիմնադրամի աջակցությամբ ժամանակին կարևոր ձեռքբերումներ են արձանագրվել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հիմնադրամի զորակցությամբ դեռևս 1954 թվականին իրականացվեցին Միածնաէջ Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքները, այնուհետև կառուցվեց Մայր Աթոռի վանատունը: Հետագա տարիներին հիմնադրամը նպաստել է նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի գործունեությանը: Հանդիպման ընթացքում Հայոց Հովվապետը խոսել է նաև Հայոց Եկեղեցու առաքելության և քրիստոնեական հավատի դերի մասին հայ ժողովրդի կյանքում: Նորին Սրբությունն ընդգծել է, որ քրիստոնեական զորեղ հավատքի շնորհիվ է, որ հայ ժողովուրդը կարողացել է դիմագրավել իրեն բաժին հասած բոլոր փորձություններին: Ըստ Հայրապետի, այդպիսի հավատի կրող էր նաև ազգի հարազատ զավակ, բարեգործ Գալուստ Գյուլբենկյանը: Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է նաև ներկաների հարցերին Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների փոխհարաբերությունների վերաբերյալ: Հիմնադրամի պաշտոնեությունը Վեհափառ Հայրապետին հրավիրել է այցելել Պորտուգալիա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր