00:00:00

Մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալ՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով. Բակո Սահակյան

12:55, 11 հոկտեմբեր 2019

Անկախ, ինքնիշխան հզոր պետություն կերտելը մեզ համար եղել է և մնում է մեր պետականաշինության հիմքը, որի հիմնասյուներից է Հայաստանի և Սփյուռքի հետ մեր եռամիասնությունը և ժողովրդավարական արժեքներին և սկզբունքներին հավատարիմ լինելը։ Այսօր Ստեփանակերտում կայացած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովին հայտարարել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը։ «Մեզ համար կարևորագույն հրամայական է Արցախի անվտանգության լիարժեք ապահովումը՝ բոլոր հարթություններում։ Մեր անվտանգության չնչին իսկ թուլացումը հակառակորդի մոտ առաջացնելու է նոր ագրեսիայի դիմելու գայթակղություն, ինչն ինքնին հղի է անկանխատեսելի հետևանքներով»,- հայտարարեց նախագահը՝ հավելելով, որ անվտանգության խնդիրներն առաջնային են նաև բանակցային գործընթացում։ Բակո Սահակյանն իր ելույթում ցանկացավ վերահաստատել, որ իրենք կողմնակից են Ադրբեջանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորմանը բանակցային սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ «Այստեղ լուրջ հաջողությունների գրանցումը անհնարին է առանց բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնմամբ՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ։ Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել՝ առանց նրա մասնակցության և մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով»,- ասաց նախագահը։ Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Բակո Սահակյանն ասաց, որ պաշտոնական Ստեփանակերտը շարունակելու հատուկ տեղ հատկացնել տարբեր երկրների և պետությունների և նրանց վարչական միավորումների հետ կապերի հաստատմանն ու խորացմանը։ Հիշեցնենք, որ այսօր Ստեփանակերտում մեկնարկել է «Համագործակցություն հանուն արդարադատության և խաղաղության» խորագրով համաժողովը, որի նպատակն է ընդլայնել և ամրապնդել ԱՀ ապակենտրոնացված համագործակցությունն պետությունների տարբեր շրջանների և քաղաքաների հետ, իսկ արդեն առկա միջազգային կապերին նոր ազդակ և գործնական բնույթ հաղորդել ։ Համաժողովին մասնակցելու է ընդհանուր՝ շուրջ 30 երկրներից 150 քաղաքական-հասարակական գործիչներ և մտավորականներ՝ տարբեր երկրներում գործող Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբերի և շրջանակների, հասարակական-քաղաքական կառույցների ներկայացուցիչներ, Արցախի անկախությունը ճանաչած կամ Արցախի հետ համագործակցող միավորներից պատվիրակություններ։ Համաժողովի քննարկումները կանցկացվեն երկու թեմաների շուրջ՝ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և խաղաղ կարգավորման գործընթացը» և «Արցախի Հանրապետության միջազգային կապերի ընդլայնման հնարավորությունները տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում՝ Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությանը դիմագրավելու նպատակով»։ Համաժողովը կընդունի հռչակագիր։ Համաժողովի կազմակերպիչներն են Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր