Բնապահպանության նախկին նախարարներից մեկը Արարատի մարզում ապօրինի թույլտվություններ է տվել ձկնաբուծական ընկերություններին։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Մեկ քրեական գործ քննվեց Արարատի մարզի տարածքում թույլտվությունների հետ կապված։ Պարզվեց, որ ժամանակին բնապահպանության հայտնի նախարարը (նախկին նախարար Արամ Հարությունյանը – խմբ.) ապօրինի, առանց փորձաքննությունների թույլտվություններ էր տվել, և շուրջ 211 տնտեսվարողների մոտ պարզվեց, որ ապօրինի օգտագործվում է այդ արտադրությունը։ Փորձաքննություն չէր իրականացվել, բայց մարդիկ ունեին թույլտվություններ։ Բացի այն, որ քրեաիրավական գնահատականներ են տրվել, այդտեղ լուրջ խնդիր կա, պետք է հասկանալ, թե այդ տնտեսվարող սուբյեկտների մոտ ինչ է կատարվում, եթե փորձաքննություն չի անցել։ Փաստ է, որ մենք ունենք տնտեսվարողներ, ովքեր այս պահի դրությամբ արդյունավետ չեն օգտագործում ջրային ռեսուրսները, որը հղի է մեծ վտանգներով»,- ասաց գլխավոր դատախազը։
«Ձեր ասածից ստացվում է, որ հիմա մենք ի՞նչ պետք է անենք, շատ բարդ վիճակ է։ Եթե այդ թույլտվություններն ապօրինի են տրված, էլի շատ բարդ իրավիճակ է։ Ենթադրենք այդ 200-ն էլ գործող տնտեսություն են, դա նշանակում է բռնել այդ բոլոր տնտեսությունները փակել»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա դիմեց տարածքային զարգացման և ենթակառուցվածքների և շրջակա միջավայրի նախարարներին՝ նշելով, որ պետք է հարցը քննարկել։ Ըստ վարչապետի՝ այստեղ նուրբ լուծումներ պետք է տրվեն։