Երևանի Կենտրոն վարչական տարածքում` փողոցներում, բակերում կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենաներից օգոստոսի 22-ի գիշերը գողություններ էին կատարվել:
Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գողության մասին առաջին ահազանգը ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ժամը 10.50-ին է ստացվել: Հայտնել են, որ գիշերը գողացել են Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված օտարերկրյա դիվանագիտական ծառայության «Մերսեդես» մակնիշի մեքենայի կողային հայելիները:
Հետաքննություն իրականացնող մարմինը անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է ձեռնարկել: Ուսումնասիրվել են հարակից շենքերի և օբյեկտների մոտ տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Տեսահսկող սարքերը ֆիքսել էին գողություն անող երիտասարդին: