00:00:00

Ի՞նչ ես արել, Թունյա՛ն, որ Պողոսն ու իր բազմանդամ ընտանիքը գրագետ դառնան

16:10, 22 օգոստոս 2019

Ամուլսարի հարցի շուրջ ընթացող քննարկումները  գործադիր իշխանության, Բաղրամյան 26-ի պատերից եւ ՔՊ-ի կենտրոնական գրասենյակից տեղափոխվել են սոցիալական ցանցեր։ Այս օրերին  իշխանական պատգամավորներից շատերը իրենց տեսակետներն են հայտնում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ։ Առավել համարձակները կտրականապես դեմ են արտահայտվում, բայց չեն ասում՝ կոնկրետ դեմ լինելով, ինչ քայլեր են ձեռնարկելու, որպեսզի սարը հանք չդառնա։ Մի քանիսն էլ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշելով, որ կիսում են վերջինիս տեսակետը։ Այս շարքում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նա այսօր ծավալուն գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, տեղեկացնելով հանրությանը, որ իր գիտակցական կյանքում եղել են օրեր, երբ գիշերները չի քնել, վերլուծելով, թե արդյոք ճի՞շտ է վարվում, թե՞ ոչ։ Թունյանը եկել է այն եզրահանգան, որ մինչ օրս խղճի հետ մաքուր է եղել։ Մի կողմ թողնելով Թունյանի անքուն գիշերնում արված վերլուծությունները, անդրադառնանք նրա գրառման վերջին հատվածին։ «Ինքս ունեմ իմ մոտեցումն Ամուլսարի հարցում, որը հիմնված է իմ սեփական վերլուծությունների վրա, որը չի փոխվել վերջին մեկուկես տարում ու որի մասին բազմիցս խոսել եմ։ Անձամբ ինձ համար հանրաքվեն լավագույն տարբերակը չէ, որովհետև կկայացվի թվացյալ արդար, բայց ոչ պարտադիր է, որ ճիշտ որոշում։ Ժողովուրդը երբեմն կարող է սխալվել կոնկրետ հարցերում՝ կոնկրետ խնդրի մասին ոչ բավարար գիտելիք կամ տեղեկություններ ունենալու պատճառով։ Ես չեմ ուզում, որ իմ հարևան անգրագետ Պողոսն՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա կոնկրետ էս հարցում որոշում կայացնելու գործում, քան ես»։ Տրամաբանական հարց է առաջանում, ինչպե՞ս է Բաբկեն Թունյանը պարզել, որ իր հարեւան Պողոսն օրինակ անգրագետ է, ավելին անգրագետ է՝ Պողոսի բազմամարդ ընտանիքը։ Իհարկե պարզ հասկանալի է, որ անգրագետ ասելով Թունյանը միայն իր հարեւան Պողոսին նկատի չի ունեցել, այլ բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ Ամուլսարի հարցը նեղ «կռուգով» չպետք է լուծել, որ այս հարցում եւս պետք է ժողովրդի կարծիքը հարցնել, որովհետեւ ձեւավորվել է ժողովրդի իշխանություն։ Այս ձեւակերպումն առավել քան անքուն գիշերներում պետք է հիշեր Թունյանը, այն հնչել է իր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի շուրթերից։ Հիմա՞ ժողովրդի իշխանություն է, թե՞ ոչ։ Թունյանը նախ այս հարցին պետք է պատասխանի, հետո նոր հասարակությանը բաժանի գրագետների ու անգրագետների։ Բաբկեն Թունյանը գոնե պետք է հստակ իմանար, որ իրենց խմբակցության պատգամավորների մեջ էլ կան մարդիկ, ովքեր դուրս են եկել Պողոսների ընտանիքից, ժողովրդի «ծոցից» եւ չեն փայլում իրենց գրագիտությամբ, հիմա Պողոսն իր բազմամարդ ընտանիքով ինչ մեղավոր է, որ դուք ԱԺ պատգամավորներ եք դարձել։ Դարձել եք, որովհետեւ չեք ընտրվել։ Չնայած այս հարցում Բաբկեն Թունյանի հետ պետք է համակարծիք լինել, որովհետեւ դեկտեմբերի 9-ին Պողոսն ու իր բազմամարդ ընտանիքը դրսեւորել են ոչ բավարար գրագիտություն, ինչի արդյունքն այսօր «Իմ քայլը» խմբակցության հավաքական կերպարն է։ Որտեղ կլիներ Բաբկեն Թունյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատագմավորներից շատերը, եթե նրանք ոչ թե ցուցակում լինեին, այլ՝ որպես անհատներ առաջադրվեին։ Այս հարցի պատասխանը չենք հնչեցնի, շատ պարզ պատճառով։ Եվ վերջում, ի՞նչ ես արել դու Բաբկեն Թունյան, որ Պողոսն ու իր բազմամարդ ընտանիքը գրագետ դառնան։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր