ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման հարցին: Նա նախ մեջբերեց իր հայտարարությունը 2018 թվականի հունիսի 25-ին, որտեղ ասել է, որ չի հասկանում քաղաքացիական անհնազանդության գործընթացը Ամուլսարում, և իրենց գործողությունները պետք է փաստերի հիման վրա լինեն, և իրենք կաշկանդված չեն ոչնչով, ցանկացած որոշում անհերքելի փաստերի վրա պետք է լինի, եթե խնդիրը սաբոտաժը չէ:
Նա նշեց, որ գլխավոր հարցերն էին, թե հանքի շահագործումը Ջերմուկի ջրային համակարգին վնասելու է թե ոչ, Սևանին վնասելու է, թե ոչ, և քրեական գործի փորձաքննության արդյունքում ևս մեկ հարց առաջացավ՝ Արփա-Որոտան գետերի ջրային համակարգին վնասելու է, թե ոչ:
«Սա եղել է մեր պայմանը հանրայնորեն, այս տրամաբանությունը զարգացրել ենք, սրանից հետո ԱԺ ընտրություններ են եղել, բոլոր հարցերի վերաբերյալ ստացել ենք վստահության քվե և բոլոր առումներով արձանագրել ենք որպես պայման Ամուլսարի հանքի հետագա շահագործման հարցում»,-ասաց նա:
Նա նշեց, որ բազմաթիվ նյութեր, բոլոր նամակները այս թեմայով կարդացել է, որի արդյունքում գիշերները չէր կարողանում քնել: Ըստ վարչապետի՝ ներկայացվող պնդումն այն էր, որ ըստ էության մենք Սևանը կորցնում ենք բնապահպանական մասով, Ջերմուկի ջուրը կորցնում ենք, և հարց է առաջացել, թե ինչպիսի որոշում կայացնի:
Վարչապետը հիշեցրեց, որ այս հարցով քրեական գործը հարուցվել է իր նախաձեռնությամբ իրեն ուղղված նամակի հիման վրա: