00:00:00

«Աշխարհին ներկայանալիս մեր բրենդը պիտի լինի ժողովրդավար, առաջադեմ տեխնոլոգիաներով զինված Հայաստանը». Զարեհ Սինանյան

20:50, 20 հուլիս 2019

Հուլիսի 20-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց ռուսաստանաբնակ հայ արվեստագետների և մշակույթի գործիչների հետ: Ողջունելով հանձնակատարին` արվեստագետները նկատեցին` պատահական չէ, որ այս հանդիպումը կայանում է հայ մեծ նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրը: Զարեհ Սինանյանը բարձր գնահատեց ռուսաստանաբնակ արվեստագետների ներդրումը հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման գործում: «Ցանկանում եմ լսել ձեր առաջարկները, և թե ինչով կարող է Հայաստանի Հանրապետությունը ծառայել ձեզ, որ միասին արդյունավետ աշխատենք»,-նշեց Գլխավոր հանձնակատարը: Ներկաները հայտնեցին, որ պատրաստ են իրենց ուժերը, գիտելիքներն ու փորձը ներդնել հայկական մշակույթն աշխարհին բարձր մակարդակով ներկայացնելու համար: Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին Հայաստանի մշակութային կյանքին սփյուռքի արվեստագետների ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությանը, հայաստանաբնակ արվեստագետների հետ համագործակցությանը, սփյուռքի թանգարանի ու համահայկական հեռուստատեսության գաղափարին, կրթության և մշակույթի կապին, հայկական ճարտարապետության պահպանմանն ու զարգացմանը: Այնուհետև Զարեհ Սինանյանը հանդիպում ունեցավ Յարոսլավլի, Տվերի և մերձմովսկովյան քաղաքների հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպման մասնակիցները նախ խոսեցին հայ երիտասարդներին Հայաստանի կյանքին ներգրավելու ծրագրերի մասին: «Ուժեղ, արդար, լավ Հայաստան ունենալով կարող ենք հայրենիքը գրավիչ դարձնել սփյուռքահայ երիտասարդների համար: Աշխարհին ներկայանալիս մեր բրենդը պիտի լինի ժողովրդավարական, ամուր, ժամանակակից, առաջադեմ տեխնոլոգիաներով զինված, ապահով Հայաստանը»,- նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը: Հանդիպման ընթացքում քննարկված հարցերը վերաբերում էին հիմնականում հայապահպանությանը, սփյուռքում կրթական գործի կազմակերպմանը, հայկական ներուժի համախմբմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր