ՀՀ Քննչական կոմիտեն այսօր պաշտոնական հայտարարություն տարածեց՝ Իջևանում տեղի ունեցած դեպքերի շրջանակում ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 22 անձ, եւս 3 անձ ներկայացել է ինքնակամ:
13 անձ ձերբակալվել է՝ անկարգություններին մասնակցելու կասկածանքով, հարցաքննվել։ 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
5-անձ քրեական գործի շրջանակում ունի վկայի դատավարական կարգավիճակ:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ եւս 11 անձի հայտնաբերելու ուղղությամբ:
Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին՝ ժամը 18-ի սահմաններից սկսած մի խումբ անձինք ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջեւան քաղաքի Երեւանյան ու Իջեւանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը, այնուհետև բախումներ էին սկսվել ոստիկանների ու ցուցարարների միջև։
Հիշեցնենք՝ ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպած ակցիայի մասնակիցները չէին ենթրակվել ոստիկանության օրինական պահանջներին ու մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին։ 12 ոստիկան ստացել էր մարմնական վնասվածք։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության նիստի ընթացքում անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած դեպքերին՝ ասաց՝ կատարվածն անթույլատրելի էր։
«Ես չեմ բացառում, որ այս գործողությունները թիկունքից, ետնաբեմերից կառավարվում են պոտենցիալ այն մարդկանց կողմից, որոնք անպայման կրելու են պատասխանատվություն», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ ապօրինի ծառահատումներ իրականացնող անձինք ցանկանում են ապօրինի պայմաններ պարտադրել Կառավարությանը, սակայն այդ փորձերն ապարդյուն են լինելու։
Իջևանում տեղի ունեցած ակցիայի՝ ոչ ինքնաբուխ լինելու մասին հայտարարեց նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Լրագրողների հետ զրույցում Վանեցյանը նշել էր՝ անտառագողության հետ կապված հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 21 անձի, այդ թվում՝ պաշտոնական դիրք զբաղեցնող անձանց:
Վանեցյանը նշեց՝ այդ բիզնեսի տերերը բացահայտվելու են։ ԱԱԾ տնօրենը շեշտեց՝ Իջևանում կազմակերպված ակցիան ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այ՝ մի քանի անձի կողմից կազմակերպված սադրանք։
Թեև ոոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել է, որ իրավիճակը վերահսկելի է, բայց, այնուամենայնիվ, հարց է առաջանում․ հնարավո՞ր է, որ Իջևանի դեպքերը կրկնվեն, մարդիկ դարձյալ փողոց դուրս գան, բողոքի ակցիաներ կազմակերպեն։
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ բնապահպան Սիլվա Ադամյանը irakanum.am-ի հետ զրույցում նշեց․ «Վաղեմի պատմություն է այն, որ այդ տարածքի ժողովուրդն անտառահատումների միջոցով է իր ապրուստը վաստակում, և ես զարմանում եմ, որ դա դարձրել են պատմություն։ Մարդիկ փողոց են ելել, քանի որ դա նրանց ապրուստի միջոցն է։ Այնտեղ արտադրություն չկա, աշխատատեղ չկա, դրա համար էլ դա մարդկանց համար, իսկապես, ապրուստի միջոց է։
Իհարկե, անտառահատումները պետք է դադարեցնել, բայց Կառավարությունը պիտի մտածի, որ այդ մարդկանց համար զբաղվածության հարց լուծի, միջոցներ լինեն, որպեսզի մարդիկ ձմռանը ջեռուցման խնդիր չունենան։ Բայց այդ մարդիկ աշխատանքով չեն ապահովվում։ Այնպիսի տպավորություն է, որ վերջին գործն են ուզում առաջինն անել։
Ճիշտ է, մարդիկ չպետք է հատեն անտառը, բայց պայմանով, որ նրանք պիտի աշխատանք ունենան, պիտի այլընտրանքային ջեռուցման հնարավորություն ունենան»։
Սիլվա Ադամյանի խոսքով՝ չի կարելի հարցը կտրուկ դնել ու ասել՝ անտառը չի կարելի հատել, և միաժամանակ, սոցիալական խնդիր ունեցող մարդուն այլընտրանքային տարբերակներով չապահովվել, տարբերակներ, որոնք կօգնեն, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն անտառահատումներ իրականացնել։
«Էս գլխից կտրուկ ասում են՝ չեք անելու, վարչապետի հրամանն է դա, բայց այդ կտրուկ հրամանից իրավիճակը չի փոխվի, քանի որ մենք Իջևանում ունենք սոցիալական խնդիրներ», - ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը։
Հարցին՝ հավանական համարո՞ւմ եք այն, որ Իջևանում կազմակերպված ակցիան ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ մի քանի անձի կողմից կազմակերպված սադրանք, բնապահպան Սիլվա Ադամյանը պատասխանեց․ «Կարող է մի քանի հոգի «դիվերսիա» էին փորձում անել, բայց չի կարելի մտածել, որ ընդանուր առմամբ, դա Կառավարության դեմ դիվերսիա էր։ Մարդիկ սոցիալական խնդիրներ ունեն, աշխատանքի խնդիր ունեն։ Օրեր մամուլից տեղեկացա՝ Տավուշի մարզպետը հայտարարել էր, որ աշատատեղեր կան, մարդիկ կարող են գնալ, աշխատել, բայց թո՛ւյլ տվեք չհավատալ, քանի դեռ այդ մարդիկ, իսկապես, աշխատանքով չեն ապահովվել․ այդպիսի խոստումներ եղել են և՛ նախորդ կառավարության օրոք, և՛ այս․․․
Հետևել եմ այդ իրադարձություններին․ մի կին խոսում էր, բարեկիթ կին էր, ասում էր՝ տնտեսագետ եմ, աշխատանք տվե՛ք, ես գնամ աշխատեմ։ Տրամաբանական է՝ եթե մարդիկ աշխատանք ունենան, ծառահատումներն ինքնաբերաբար կվերանան, մարդիկ իրենց աշխատանքով կզբաղվեն ու ջրի երես դորս կգան նրանք, ովքեր կազամակերպված բիզնես են անում ծառահատումների միջոցով»։
Սիլվա Ադամյանի խոսքով՝ այստեղ պետք է տարաջատվեն սոցիալական խնդիրներ ունեցող անձինք և նրանք, որոնց համար դա բիզնես է։
«Ես չէ, որ պիտի պիտի պարոն վարչապետին ասեմ այդ մասին։ Կարծում եմ՝ նա էլ շատ լավ գիտի այս մասին», - ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը։
Հարցին՝ հավանական համարո՞ւմ եք, որ Իջևանում քաղաքացիները դարձյալ փողոց դուրս գան, Սիլվա Ադամյանը պատասխանեց․ «Իհարկե, մարդիկ դարձյալ փողոց դուրս կգան։ Եթե նրանք չկարողանան ընտանիք պահել, եթե երեխային պահելու խնդիր ունենան, ի՞նչ պետք է անեն․ էլի փողոց են դուրս գալու։
Ես Կառավարությանը հորդորում եմ աշխատանք տալ այդ մարդկանց, որպեսզի ծառահատումներով բիզնես անողները ջրի երես դուրս գան, այո՛, ջրի երես դուրս գան նրանք, ովքեր աշխատավոր մարդկանց օգտագործում են։
Օրերս շրջակա միջավայրի նախարարությունում քննարկման ի մասնակցումր, նախարարն ասաց՝ շատ էիք մտահոգ, որ գյուղացիների կովերը սատել էին։ Քմիծիծաղով ասացի՝ իհարկե, մտահոգ եմ, տեսե՞լ եք՝ գյուղացինեը ինչ չարքաշ կյանքով են ապրում։ Այն խավը, որը սոցիալական խնդիրներ ունի, կամ փողոց է ելնելու կամ միգրացիայի ճամփան է բռնելու, մասնավորապես՝ ՌԴ-ի ճամփան։ Այսպես որ, ես դարձյալ պետք է ասեմ՝ հարցն այսպես կտրուկ դնելը ճիշտ չէ, մարդկանց պետք է աշխատանքով ապահովել, ապա պահանջել, որ ոչ մի դեպքում ծառահատում չանեն», - եզրափակեց Սիլվա Ադամյանը։