00:00:00

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են հայ-բրիտանական կրթական համագործակցության առաջիկա քայլերը

19:45, 17 հուլիս 2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Բրիտանական խորհրդի կրթության հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Էվերիտին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում Բրիտանական խորհրդի հետ համատեղ իրականացված ծրագրերն ու համագործակցության զարգացման առաջիկա քայլերը: Այս մասին տեղեկացրեցին նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Կարևորելով ԿԳՄՍ նախարարության և Բրիտանական խորհրդի շարունակական համագործակցությունը` նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն անդրադարձել է 2019 թվականի հունվարին տեղի ունեցած Կրթության համաշխարհային ֆորումի շրջանակում քննարկված մի շարք հարցերի: Մասնավորապես առանձնացվել է Հայաստանի 9 դպրոցներում անգլերենի ուսուցման ակումբների ծրագիրը, որը ներառում է դպրոցներում ակումբների բացում, կահավորում, համապատասխան ուսումնական նյութերի ապահովում, ինչպես նաև այդ ակումբներում  դասավանդող ուսուցիչների վերապատրաստում: Բրիտանական խորհրդի հետ հետագա համագործակցության համատեքստում կողմերն անդրադարձել են հայ-բրիտանական  կրթական կապերի  ընդլայնմանը`  կրթության բոլոր մակարդակներում: Մասնավորապես քննարկվել է համատեղ ֆորումի կազմակերպման հարցը, որի ընթացքում ստեղծարար արդյունաբերության և կրթության ոլորտների ներկայացուցիչները  կհամախմբվեն մեկ պլատֆորմի շուրջ` հնարավորություն տալով տնտեսվարողներին և գործատուներին մասնակից դառնալ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների  կրթական ծրագրերում աշխատաշուկայի կարիքներին միտված պահանջների ձևավորմանը: Նախատեսվում է նաև Հայաստան-Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն կրթական երկխոսության կազմակերպում, որի շրջանակում կքննարկվեն ոլորտային համագործակցության զարգացման նոր հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր