ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանվանի անտառտնտեսության մասնաճյուղում տեղի ունեցած ապօրինի ծառահատումների, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք տալու և կաշառք ստանալու վերաբերյալ. հարուցվել է նոր քրեական գործ. ձերբակալվել է 6 անձ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես՝ պարզվել է, որ նույն անտառտնտեսության մասնաճյուղի Ստեփանավանի անտառպետության տարբեր պահաբաժիններում ապօրինի կերպով հատվել են շուրջ 191 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառեր՝ պետությանը պատճառելով 11.877.000 ՀՀ դրամի վնաս:
Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության մասնաճյուղի պաշտոնատար անձ հանդիսացող աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք տալու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու նոր դեպքերի մասին:
Իրականցվել են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են մի շարք անձինք, խուզարկություններ են իրականացվել Ստեփանավան քաղաքի և դրան հարակից գյուղերում գտնվող հիշյալ ապօրինի ծառահատումներն իրականացրած կամ դրանց հետ առնչություն ունեցող բազմաթիվ անձանց բնակարաններում:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով և որոշում կայացվել՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործին միացնելու վերաբերյալ:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում 6 անձ ձերբակալվել է, ովքեր ցուցմունք են տվել դեպքի շուրջ:
Ապօրինի ծառահատումների արդյունքում պետությանը պատճառված վնասի մի մասը վերականգնվել է:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քննչական միջոցառումներ՝ բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր այլ հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջկասկածվողը կամ մեղադրվողը համարվում էանմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանվածկարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով»: