00:00:00

Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել 28-ամյա երիտասարդի սպանությունը նախապատրաստելու դեպքի վերաբերյալ

14:32, 05 մարտ 2019 Իրավական

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 28-ամյա երիտասարդի սպանության մի շարք հանգամանքներ: Երկու անձ կալանավորվել է: Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2019 թվականի փետրվարի 24-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի առաջին դաշտում հայտնաբերվել է արական սեռի դի` կրծքավանդակի աջ և ձախ կեսի կողմնային մակերեսներին և աջ բազկի ստորին երրորդականի հետին մակերեսին հրազենային վնասվածքներով: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում հարուցած քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, վերջինս հաշվառված էր Արմավիրի մարզում՝ ծնված 1990թ.: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես` տվյալներ են  ձեռք բերվել առ այն, որ Վանաձոր քաղաքի բնակիչը՝ ծնված 1984թ., և Իջևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1989թ., նախնական համաձայնություն են ձեռք բերել 1990թ. ծնված երիտասարդին սպանելու շուրջ: Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 2019 թվականի հունվար և փետրվար ամիսներին 29 և 34-ամյա տղամարդիկ կատարել են սպանությանն ուղղված նախապատրաստական գործողություններ: Վերջիններս,  պարբերաբար այցելելով 28-ամյա երիտասարդի բնակության վայր, փորձել են ճշտել սպանությունն իրականացնելու հնարավոր եղանակները, նրա գտնվելու վայրի և մեքենա վարելու մասին հանգամանքները: Պարզվել է նաև, որ 2019 թվականի փետրվար ամսին նշված անձինք ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել և կրել գործարանային արտադրության ակոսափող հրազեն հանդիսացող «CZ 27» մոդելի 7,65 մմ տրամաչափի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 3 հատ  7,65 մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ: Սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ 1990թ. ծնված երիտասարդը սպանվել է, իսկ գործարանային արտադրության ակոսափող հրազեն հանդիսացող «CZ 27» մոդելի 7,65 մմ տրամաչափի ատրճանակը և ռազմամթերք հանդիսացող 3 հատ  7,65 մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող  փամփուշտները 2019 թվականի փետրվարի 27-ին հայտնաբերվել են Արարատի մարզի Գեղանիստ գյուղի տներից մեկում կատարված խուզարկությամբ: Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, որը միացվել է 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի 34-ամյա բնակչին և Իջևան քաղաքի 29-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ սպանությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր