00:00:00

Վերջին համաներմամբ ազատ արձակված անձը գողություն է կատարել Քանաքեռ- Զեյթունի թաղապետարանից

20:16, 02 մարտ 2019 Իրավական

Ոստիկանությունը բացահայտել է Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանից կատարված գողությունը: Գողությունը կատարել է համաներմամբ ազատ արձակված, Աբովյանի բնակիչ Արմեն Արսենյանը:   Փետրվարի 24-ի գիշերը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խմբերը շրջիկ ծառայության ժամանակ Ազատության պողոտայում նկատել են մի տղամարդու: Վերջին կասկածելի վարք է դրսևորել, ինչն ընդգծվել է նաև ոստիկանների հետ զրույցի ընթացքում: Նա նույնիսկ ինքնության վերաբերյալ հայտնել է սխալ տվյալներ: Անձը ճշտելու և պարզաբանումների նպատակով քրեական հետախույզները նրան տեղափոխել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Աբովյանի բնակիչ Արմեն Արսենյանն ընթերականների ներկայությամբ խուզարկվել է: Տղամարդու մոտ հայտնաբերվել են տարբեր առարկաներ և աշխատանքային գործիքներ: Արսենյանը ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերված իրերն իրենն են: Համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության քրեական հետախույզները  նրան բաց են թողել՝ շարունակելով օպերատիվ աշխատանքը իրերի պատկանելության վերաբերյալ տղամարդու հայտնած տեղեկությունը ճշտելու ուղղությամբ, քանի որ նրա հայտարարությունն արժանահավատ չեն համարել: Այնուհետև ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարանի պահակը հայտնել է, որ գիշերը թաղապետարանից գողություն է կատարվել՝ աշխատասենյակներից երկուսից տարբեր իրեր են հափշտակվել: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, թե ինչ իրեր են հափշտակվել թաղապետարանի շենքից: Շուտով հայտնի է դարձել, որ գողացված իրերի մի մասը ժամեր առաջ հայտնաբերվել էին Արմեն Արսենյանի խուզարկությամբ: Նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնավորվել է, որ Արմեն Արսենյանի խուզարկությամբ հայտնաբերված իրերը գողացվել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարանից: Ոստիկանությունն անմիջապես սկսել է Արմեն Արսենյանին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները: Ոստիկաններն Արմեն Արսենյանին հայտնաբերել են Աբովյան քաղաքում և գողության կասկածանքով բերման ենթարկել: Այս անգամ Արսենյանը խոստովանական բացատրություն է տվել: Պարզվել է, որ նա թաղապետարանի շենք է մտել հետնամասի բաց պատուհանով, իսկ աշխատասենյակների դռները բացել է մոտից հայտնաբերված դուրով: Նա գողոնի մի մասն աղբամանն է նետել, երբ նկատել է Ազատության պողոտայում իրեն մոտեցող ոստիկաններին: Ոստիկանությունից հայտնում են, որ Արմեն Արսենյանը վերջին համաներմամբ ազատ արձակվածներից է, դատապարտվել էր բնակարանային գողության մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննությունը վարող տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել: Հանգամանքները պարզվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր