00:00:00

Ջրվեժում 29–ամյա տղամարդու սպանության գործով մի շարք անձինք են հարցաքննվել

21:28, 25 փետրվար 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու 28-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները: Այս մասին  հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ 2019 թվականի փետրվարի 24-ին` ժամը 19:55-ին,  Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի առաջին դաշտում հայտնաբերվել է արական սեռի դի` կրծքավանդակի աջ և ձախ կեսի կողմնային մակերեսներին և աջ բազկի ստորին երրորդականի հետին մակերեսին հրազենային վնասվածքներով: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով  և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը; վերջինս հաշվառված էր Արմավիրի մարզում՝ ծնված 1990թ. Քրեական գործով կատարված դեպքի վայրի զննությամբ դիակի հագուստի միջից հայտնաբերվել է  կրակված գնդակ, դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ հայտնաբերվել է նաև 4 հատ 9 մմ տրամաչափի  ատրճանակի պարկուճ: Հարցաքննվել են մի շարք անձինք, քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են  դիակի դատաբժշկական, հողագիտական, գենետիկական,  ձգաբանական, հետքաբանական և քիմիական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր