00:00:00

Մասիսի քաղաքապետի գործը հետ է ուղարկվել լրացուցիչ նախաքննության

16:19, 25 փետրվար 2019 Իրավական

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, նրա եղբոր՝ Գոռ Համբարձումյանի, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի և ևս 8 անձի վերաբերյալ քրեական գործը դատախազությունը հետ է ուղարկել Քննչական կոմիտե՝ լրացուցիչ նախաքննության, քննչական ու դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Այլ մանրամասներ Գլխավոր դատախազությունը չի հայտնում։ Կողմերը մամուլից են տեղեկացել դատախազության այս որոշման մասին։ Հիշեցնենք, որ օրերս Քննչական կոմիտեն հայտարարել էր  նախաքննությունն ավարտելու  մասին, ինչից հետո գործն ուղարկել էր դատախազություն` մեղադրական եզրակացությունը հաստատելու համար։ Հիշեցնենք, հեղափոխության օրերին` 2018 թվականի ապրիլին խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ, ըստ իրավապահների, տեղի էր ունեցել խուլիգանական դրդումներով բռնություն։ Զանգվածային անկարգությունների և խուլիգանության հոդվածներով մեղադրվող Մասիսի քաղաքապետն ու եղբայրը ամիսներ առաջ կալանքից ազատ են արձակվել համապատասխանաբար 5 միլիոն և 2 միլիոն դրամ գրավի դիմաց։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Մասիսի քաղաքապետը մեղադրվում է երկու տարբեր դրվագներով։ Երկու գործերն էլ առնչվում են ներկայումս վարչապետ, այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած բողոքի ակցիաներին։ Համաձայն մեղադրանքի՝ 2018-ի ապրիլի 22-ին մայրաքաղաքի Էրեբունի փողոցում տեղի ունեցած ակցիայի ժամանակ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, որը, ըստ մամուլի, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի դստեր ամուսինն է, բռնություն է գործադրել ակցիայի մասնակիցների նկատմամբ։ Ըստ Քննչական կոմիտեի, Էրեբունիում քաղաքացիական հագուստով մարդիկ, հիմնականում՝ բժշկական դիմակներով, հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա, քարերով ու մահակներով հարվածել նրանց։ Քաղաքացիների նկատմամբ բռնություն էր գործադրվել նաև էլեկտրահարող սարքերով: Երկրորդ միջադեպը տեղի է ունեցել այդ օրն ավելի ուշ՝ Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում, Մասիսի քաղաքապետի ու նրա եղբոր մասնակցությամբ։ Քաղաքապետի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը անցնում է նաև Երևանի Հերացի փողոցում տեղի ունեցած անկարգության դրվագով․ քաղաքացիները փակել էին ճանապարհը, իսկ Համբարձումյանն ու նրա ընկերները ավտոմեքենայից դուրս գալով՝ փորձել են բացել ճանապարհը, քանի որ, ինչպես պնդում էին, շտապում էին հիվանդանոց։ Տվյալ գործով կալանավորված անձ այս պահին չկա։ Տուժողների թիվը 15-ն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր