00:00:00

Էրեբունիում կրակոցները տեղի են ունեցել «ՏԷՑ»-ի «ավանդական» վայրում. Տուժածները ի վիճակի չեն խոսել. ՔԿ-ն մանրամասնում է

15:33, 25 փետրվար 2019 Իրավական

ՀՀ Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում այս գիշեր Էրեբունիում տեղի ունեցած կրակոցներից: ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում ասվում է. «ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զինված միջադեպի բոլոր հանգամանքները  պարզելու ուղղությամբ: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019թ. փետրվարի 24-ին ահազանգեր են ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը՝ 21:15-ին, «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է ընդունվել 1991թ. ծնված երիտասարդ, իսկ ժամը 21:18-ին «գլխի թիկնային մակերեսի չթափանցող հրազենային վնասվածք» ախտորոշմամբ նույն բժշկական կենտրոն է ընդունվել 1993թ. ծնված երիտասարդ, ովքեր հայտարարել են, որ մարմնական վնասվածքներն ստացել են Երեւանի Այվազովսկու փողոցում։ Նույն օրը՝ ժամը 22։45-ին, «աջ ազդրի շրջանի հրազենային վերք» ախտորոշմամբ, հոր կողմից ավտոմեքենայով «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել Երեւան քաղաքի մեկ այլ բնակիչ՝ ծնված 1990թ., ով հայտարարել է, որ վնասվածքն ստացել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում: Անմիջապես «Էրեբունի բժշկական կենտրոն» եւ «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություններ են մեկնել օպերատիվ-քննչական խմբի անդամները եւ պարզել, որ վերոհիշյալ երեք անձինք հրազենային վնասվածքներն ստացել են նույն միջադեպի ժամանակ։ Բժիշկներից ստացված տեղեկանքների համաձայն՝ տուժողներից եւ ոչ մեկն ի վիճակի չի եղել ցուցմունք տալու։ Դեպքի առթիվ 2019թ. փետրվարի 24-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ։ Վերոհիշյալ երեք երիտասարդները ճանաչվել են տուժող: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, միջադեպին մասնակից անձանց շրջանակը, դեպքի վայրը, որը հանդիսանում է «ՏԷՑ» կոչվող վայրը: Մասնավորապես՝ հայտնաբերվել են այն ավտոմեքենաները, որոնցով միջադեպի մասնակիցները դեպքի վայրից հեռացել են: Հայտնաբերված «Տոյոտա Սեկվոյա» ավտոմեքենայի զննությամբ արտաքին մակերեսին հայտնաբերվել են հրազենային վնասվածքներին բնորոշ բազմաթիվ վնասվածքներ, առջեւի դիմապակու վրա` բութ գործիքի ներգործությանը բնորոշ վնասվածք, իսկ «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ վարորդի կողապակու վրա` հրազենային վնասվածքին բնորոշ վնասվածք, արնանման հետք, իսկ սրահում՝ արնանման հետքեր, արնանման հետքեր պարունակող բաճկոն, փայտե մահակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ատրճանակի` 7,62մմ տրամաչափի 2 կրակված պարկուճ, ինքնաձիգի 7,62մմ տրամաչափի 1 կրակված պարկուճ եւ 1 գնդակ։ Բացի այդ, հայտնաբերվել է «Տոյոտա Սեկվոյա» ավտոմեքենայի դռանապակու հողմապաշտպան դետալից պոկված հատված, ինչպես նաեւ՝ «Նիսսան Վերսա» մակնիշի չկողպված դռներով ավտոմեքենա։ Բժշկական կենտրոնից առգրավվել են երիտասարդների հագին դեպքի պահին եղած հագուստները: Կատարվել են հարցաքննություններ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական եւ դատաձգաբանական փորձաքննություններ: Ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները, ինչպես նաեւ միջադեպին առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու եւ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր