00:00:00

Սխալ խաղադրույք կատարելու պատճառով երիտասարդների վեճը ավարտվել է ծանր դանակահարությամբ

22:27, 23 փետրվար 2019 Իրավական

1in.am-ը գրում է․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ շարունակվեց Ռուդոլֆ Ս.-ի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի նոյեմբերի 18-ին, ժամը 00:30-ի սահմաններում Ռուդոլֆ Ս.-ն Երևանի Թումանյան փողոցում գտնվող «Շոկոլադնիցա» սրճարանի մոտ վիճաբանության ընթացքում սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է իր ծանոթ Վարդան Գ.-ին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս: Ռուդոլֆ Ս.-ին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Ամբաստանյալ Ռուդոլֆ Ս.-ն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իրեն մեղավոր չի ճանաչում:Ռուդոլֆը երևանյան բուհերից մեկի իրավաբանական ֆակուլտետի ուսանող է: Դատարանը դատական վիճաբանությունների փուլում է: Նախորդ նիստում գործով մեղադրող դատախազը հանդես է եկել մեղադրական ճառով, նշել է, որ գործի նախաքննությամբ ու դատաքննությամբ հիմնավորվել է Ռուդոլֆ Ս.-ի մեղավորությունը մեղսագրված արարքի համար: Դատախազը միջնորդել է Ռուդոլֆ Ս.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտել 4 տարի 6 ամիս ազատազրկման: Դատական այս նիստին գործի քննությանը ներգրավվեց ևս մի դատախազ՝ Գ. Մարկոսյանը: Այնուհետև պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Մակինյանը: Պաշտպանը նշեց, որ այս գործի դատական քննությունն ընդհանրապես պետք է տեղի չունենար, գործը դատարան չպիտի հասներ, եթե նախաքննությունն իրականացվեր ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջներին համապատասխան: Սակայն, ըստ պաշտպանի, ստացվում է, որ այս գործով պաշտպանական կողմը «դատապարտված է» մինչև վերջ պայքարելու Ռուդոլֆ Ս.-ի իրավունքների պաշտպանության համար: Պաշտպանը նշեց, որ պաշտպանական կողմը «միամիտ է եղել», հուսացել է, որ գործի նախաքննության ընթացքում կհաստատվի Ռուդոլֆի անմեղությունը, սակայն դրան հակառակ՝ Ռուդոլֆը ստացել է ամբաստանյալի կարգավիճակ. «Արդեն տարուց ավելի է՝ կռիվ ենք տալիս Ռուդոլֆ Ս.-ի անմեղությունը ապացուցելու համար… Նա 5 ամսից ավելի անհիմն կերպով գտնվել է անազատության մեջ…»,- ասաց Ա. Մակինյանը: Պաշտպանը նշեց, որ մինչև դատարանում մեղադրող դատախազի՝ մեղադրական ճառով հանդես գալը, պաշտպանական կողմը հույս ուներ, թե մեղադրողը դատարանում կհրաժարվի մեղադրանքից, սակայն մեղադրողը շարունակել է նույն գործելակերպը, ու արդարադատության իրականացումը նման պայմաններում շարունակում է մնալ վտանգված: Գործի դատական քննության ընթացքում խորացել են նախաքննության նկատմամբ պաշտպանական կողմի ունեցած հարցերը: Գործի քննության ընթացքում, ըստ պաշտպանի, մեղադրանքի կողմն անում է ամեն բան, որ Ռուդոլֆ Ս.-ն հայտնվի դատապարտյալի կարգավիճակում: Պաշտպանը նշեց՝ ըստ մեղադրանքի՝ դեպքի օրը Ռուդոլֆը երկու ընկերների, այդ թվում՝ գործով տուժող Վարդան Գ.-ի հետ այցելել է «Շոկոլադնիցա» սրճարան, որտեղ ֆուտբոլային խաղի վրա սխալ խաղադրույք կատարելու պատճառով վիճաբանել է Վարդանի հետ: Երիտասարդները դուրս են եկել սրճարանից, վիճաբանությունը շարունակել են սրճարանին հարակից հատվածում, և Վարդան Գ.-ն վնասվածքներ է ստացել սուր կտրող-ծակող գործիքով: Ըստ պաշտպանի՝ այն ապացույցները, որոնք դրված են իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի հիմքում, բնավ չեն հիմնավորում Ռուդոլֆի մեղավորությունը: Պաշտպանը հատ-հատ անդրադարձավ այն ապացույցներին, որոնք մատնանշել էր մեղադրողը մեղադրական ճառում: Մեղադրողը որպես ապացույց վկայակոչել էր դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ Վարդան Գ.-ին սուր կտրող-ծակող գործիքով մի քանի վնասվածք է հասցվել՝ որովայնի, գոտկային շրջաններին, նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Պաշտպանն ընդգծեց՝ հիշյալ եզրակացությունը հիմնավորում է, որ Վարդան Գ.-ի առողջությանը սուր կտրող-ծակող գործիքով պատճառվել է ծանր վնաս, սակայն չի հիմնավորում, որ այդ վնասը պատճառել է հենց Ռուդոլֆ Ս.-ն: Դատահետքաբանական փորձաքննության եզրակացությունն է դրվել մեղադրանքի հիմքում, համաձայն որի՝ դեպքի պահին Վարդան Գ.-ի հագին եղած հագուստների վրա առկա են սուր կտրող-ծակող, մեկ սայր ունեցող գործիքով հասցված վնասվածքներ: Այս եզրակացությամբ, ըստ պաշտպանի, հիմնավորվում է, որ դեպքի պահին տուժողի հագին եղել է հագուստ, այդ հագուստը վնասվել է, սակայն չի հիմնավորվում, որ հագուստները վնասողը եղել է Ռուդոլֆ Ս.-ն: Մեղադրանքի հիմքում դրված են Ռուդոլֆ Ս.-ի և տուժող Վարդան Գ.-ի հեռախոսազանգերի վերծանումները: Ըստ պաշտպանի՝ ո՛չ ամբաստանյալը, ո՛չ տուժողը չեն հերքում, որ մտերիմ հարաբերությունների մեջ են եղել, միմյանց հետ խոսել են հեռախոսով, սակայն հեռախոսազանգերի վերծանումները ևս չեն հիմնավորում, որ Վարդան Գ.-ին դանակով հարվածներ է հասցրել Ռուդոլֆը: Մեղադրանքի հիմքում դրված է Ռուդոլֆ Ս.-ի կողմից ՀՀ սահմանահատումների վերաբերյալ տեղեկանքը: Այդ տեղեկանքով հիմնավորվում է, որ Ռուդոլֆ Ս.-ն 2017 թվականի նոյեմբերի 18-ին հատել է ՀՀ սահմանը, մեկնել է ՌԴ: Ըստ պաշտպանի՝ Ռուդոլֆ Ս.-ն մեկնել է արտագնա աշխատանքի, նրա մեկնումը կապ չի ունեցել Վարդան Գ.-ի՝ նույն այդ օրը ստացած ծանր վնասվածքների հետ: Դեպքին ականատես վկայի հայրը դատարանում հայտնել է, թե ինքը տեղեկություն չի ունեցել, որ Վարդան Գ.-ի դանակահարությունը կատարել է Ռուդոլֆ Ս.-ն: Մեղադրողի կողմից մատնանշվել է նույն այդ վկայի տված բացատրությունը, որում նա նշել է, թե որդին իրեն ասել է, որ Վարդանին դանակահարել է Ռուդոլֆը: Պաշտպանը տարակուսեց՝ երբվանի՞ց է բացատրությունը ապացույց համարվում, բացատրությունը, որպես ապացույց, չի կարող դրվել մեղադրանքի հիմքում: Դեպքից առաջ տուժողը երկու ընկերների հետ գտնվել է եղբոր աշխատավայր պահեստում՝ Արշակունյաց պողոտայում: Այնտեղ հաց են կերել, ալկոհոլ են օգտագործել: Վարդանը հեռախոսով խոսել է «Ռուդոյի» հետ, ապա ընկերների հետ գնացել է ինչ-որ անձի հետ հանդիպելու: Որոշ ժամանակ անց տուժողի եղբայրն իմացել է, որ Վարդանին տեղափոխել են հիվանդանոց: Պաշտպանն ընդգծեց՝ դատավարության մասնակիցներից ոչ ոք չի հերքել, որ դեպքի օրը Ռուդոլֆն ու Վարդանը հեռախոսազրույց են ունեցել, բայց Վարդանն այդ օրը այլ անձանց հետ էլ է հեռախոսազրույցներ ունեցել: Մեղադրողը մատնանշել է, որ Ռուդոլֆին են «Ռուդո» անվանել, պաշտպանը տարակուսեց նորից՝ մի՞թե դա հաստատում է, որ դանակահորղը եղել է հենց «Ռուդոն»: Պաշտպանը պնդեց՝ մեղադրանքի կողմի ապացույցները նույնիսկ կասկածի մակարդակով չեն վկայում, որ դանակահարությունը կատարել է Ռուդոլֆ Ս.-ն: Մեղադրողը մատնանշել է «Շոկոլադնիցա» սրճարանի աշխատողների ցուցմունքները, որոնցում նշվել է, թե դեպքից առաջ սրճարանում է եղել իրենց մշտական հաճախորդ Հակոբը՝ այլ անձանց հետ: Սրճարանի աշխատողները մատնացույց չեն արել Վարդանին ու Ռուդոլֆին: Այդ վկաներին նույնիսկ դատարանում մեղադրանքի կողմը չհարցրեց՝ ճանաչո՞ւմ են ամբաստանյալին: Սրճարանի մենեջերը հայտնել է, թե մատուցողներից մեկը իրեն տեղեկացրել է, որ հաճարդների մի խումբ վիճել է, երիտասարդները ցանկանում են դուրս գալ սրճարանից՝ առանց հաշիվը փակելու: Այդ երիտասարդներից մեկն ասել է, թե դուրս են գալիս, բայց վերադառնալու են, հաշիվը կփակեն: Մենեջերը տեսել է, որ երիտասարդները սրճարանի մերձակայքում կանգնած խոսում են, հետո նրանք դուրս են եկել մենեջերի տեսադաշտից ու հեռացել են: Երբ մենեջերը դուրս է եկել, երիտասարդներն արդեն հեռացել էին՝ առանց հաշիվը փակելու: Պաշտպանը հարց հնչեցրեց՝ բացառվո՞ւմ է, որ զարգանային այլ գործողություններ՝ Վարդան Գ.-ն ինչ-որ անծանոթի հետ վիճաբաներ այն ժամանակ, երբ սրճարանի մենեջերի տեսադաշտում չէր: Իսկ միգուցե Վարդան Գ.-ին մարմնական վնասվածք է պատճառել դեպքին ականատես վկա՞ն՝ մեղադրանքի կողմն այդ վարկածը չի քննարկել: Գործով տուժողն ու ականատես վկան դատարանում հայտնել են, որ դանակով հարվածներ է հասցրել ինչ-որ անծանոթ անձ: Միայն բացատրությունների մեջ էր նրանց կողմից շոշափվել դանակահարությունը անծանոթ անձի կողմից կատարված լինելու հանգամանքը: Նախաքննական ցուցմունքներում այդ մասին չեն հայտնել՝ ըստ տուժողի ու վկայի՝ իրենք վախեցել են, որ այլ անձի հետ վիճաբանության մասին հայտնելու դեպքում իրենց մեղադրանք կառաջադրվեր «խմբակային խուլիգանության» համար: Այնուամենայնիվ, տուժողն ու ականատես վկան Ռուդոլֆ Ս.-ի դեմ մեղադրական ցուցմունք չեն տվել: Ինքը՝ Ռուդոլֆ Ս.-ն, գործի ամբողջ քննության ընթացքում պնդել է, որ առնչություն չունի այս դեպքին: Պաշտպանն ընդգծեց՝ գործի քննությամբ չի հիմնավորվել Ռուդոլֆ Ս.-ի մեղքը, քանի որ նա չի կատարել մեղսագրված արարքը: Գործը, ըստ պաշտպանի, ամբողջությամբ կառուցված է ենթադրությունների վրա, անձի անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ, ապացույցների բավարար համակցություն ձեռք չի բերվել… Պաշտպանը ճառի վերջում եզրակացրեց՝ նման պայմաններում պաշտպանական կողմն «անառարկելիորեն գտնում է», որ Ռուդոլֆ Ս.-ի նկատմամբ պիտի կայացվի միմիայն արդարացման դատավճիռ: Ազատության մեջ գտնվող ամբաստանյալ Ռուդոլֆ Ս.-ն միացավ պաշտպանի ճառին ու պնդեց. «Ես այս գործին առնչություն չունեմ»: Կողմերը ռեպլիկներով հանդես չեկան: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր