Դատի տալը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է։ Այս մասին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով Սեդրակ Քոչարյանի կողմից իրեն դատի տալուն։
«Սեդրակ Քոչարյանը կարող է դատի տալ և դատարանը կորոշի՝ մեղավոր ենք, թե մեղավոր չենք», - ասաց նա։
Արթուր Վանեցյանը պնդեց՝ քաղաքական հետապնդման որևէ հարց չկա։
«Առհասարակ, մենք ընդհանրապես չէինք ուզում որևէ հաղորդագրություն տարածեինք, նախաձեռնությունը եղավ իրենց կողմից», - նշեց ԱԱԾ տնօրենը։ Արթուր Վանեցյանի խոսքով՝ քաղհայցը, որը ներկայացվել է իր դեմ, եղել է հայտնի մամուլի ասուլիսին արած արտահայտության համար։
«Ես ասուլիսից անմիջապես հետո ասել եմ, որ իմ խոսքը եղել է ոչ ճիշտ ձևակերպված, որի համար պարզաբանում եմ տվել, ինչի համար դիմել են դատարան, ի սկզբանե ես հերքել եմ», - նշեց նա։
Վանեցյանի խոսքով՝ անմեղության կանխավարկած չի խախտվել։
Հարցին, երբ ասում էր Քոչարյանների ընտանիք, նկատի ունե՞ր Սեդրակ Քոչարյանին, Վանեցյանը պատասխանեց. «Քոչարյանի ընտանիք ասելով՝ նկատի ունենք Քոչարյանների ընտանիքի բոլոր անդամները», - ասաց նա՝ ավելացնելով, որ Քոչարյանների ընտանիքի դեմ որևէ անձնական խնդիր չունի։