00:00:00

Դիտավորությամբ 33-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

15:46, 18 փետրվար 2019 Իրավական

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս  պատճառելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 16-ին՝ժամը 20:30-ին, բժշկական կենտրոններից մեկից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «գանգուղեղային վնասվածք, աջ կիսագնդի էպիդուրալ հեմատոմա»  ախտորոշմամբ բուժօգնության է ներկայացվել Երևան քաղաքի` 1986 թվականին ծնված բնակիչը: Ահազանգից անմիջապես հետո հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ 33-ամյա տղամարդուն հիվանդանոց է տեղափոխել հայրը: Դեպքի առթիվ 2019 թվականի փետրվարի 17-ին Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կազմվել է քննչական խումբ: Նախաքննության ընթացքում հարցաքննության են ներկայացվել դեպքին ականատես անձինք, ովքեր ցուցմունք են տվել այն մասին, որ 2019 թվականի փետրվարի 16-ին Ազատամարտիկների այգում վիճաբանություն է տեղի ունեցել երկու տղամարդու  միջև: Ականատեսներից մեկի ցուցմունքի համաձայն՝  վիճաբանության մասնակիցներից մեկը հարվածներ է հասցրել  33-ամյա տղամարդու մարմնի տարբեր մասերին: Վկաներից մեկի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննության ընթացքում վերջինս մատնացույց է արել  միջադեպի կոնկրետ վայրը և նկարագրել դեպքի հանգամանքները, որի ընթացքում այգու շատրվանի հարևանությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր:
Նախաքննության ընթացքում  ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 33-ամյա տղամարդուն առերևույթ  ծանր մարմնական վնասներ պատճառած անձը Երևան քաղաքի՝ 1971 թվականին ծնված բնակիչն է: Քննիչը 2019 թվականի փետրվարի 18-ին  միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 1971 թվականին ծնված տղամարդու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, և վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին` օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր