00:00:00

Դատարանը մերժել է դատավորների կողմից Գագիկ Հարությունյանի դեմ ներկայացված հայցի ընդունումը

16:35, 05 փետրվար 2019 Իրավական

ՀՀ վարչական դատարանը մերժել է քաղաքացիական գործեր քննող դատավորներ Ալեքսեյ Սուքոյանի եւ Կարինե Պետրոյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի դեմ ներկայացված հայցացիմումի ընդունումը։ Դատավորները հայցադիմում էին ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գևորգ Դանիելյանի, Սերգեյ Մեղրյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Անի Մխիթարյանի, Սերգեյ Չիչոյանի և Արմեն Խաչատրյանի։ Դատավորները պահանջում էին  կարգապահական պատասխանատվության ենթարկել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին և ԲԴԽ անդամներին պարտավորեցնել մեկ այլ  անդամի լիազորությունները դադարեցնելու համար միջնորդություն ներկայացնելուն։ Վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանն իր որոշմամբ արձանագրել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը սկսվում և ավարտվում է Բարձրագույն դատական խորհրդում, իսկ այդ գործընթացում ֆիզիկական անձանց իրավունքները սահմանափակվում են հաղորդում ներկայացնելով: Այսինքն՝ ֆիզիկական անձինք կարող են հաղորդում ներկայացնել ԲԴԽ անդամի վերաբերյալ՝ նրա կողմից կարգապահական պատասխանատություն առաջացնող ենթադրյալ արարքի կատարման համար։ Դատարանը միաժամանակ փաստել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի առնվազն երեք անդամների կողմից ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելու և նրա լիազորությունները դադարեցնելու համար ԲԴԽ միջնորդություն ներկայացնելը կամ չներկայացնելը չի կարող դիտվել որպես վարչարարություն։ Այսինքն դատարանն, ըստ էության, փաստել էր, որ  ներկայացված պահանջը ենթակա չէ դատարանում քննության։ Դատարանն արձանագրել է նաև, որ ներկայացված պահանջը չի կարող համարվել հայցվորների ենթադրյալ խախտված իրավունքների վերականգնման միջոց, քանի որ Գագիկ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու համար միջնորդություն ներկայացնելով հայցվորների որևէ իրավունք չի վերականգնվում, ինչպես նաև չի վերացվում իրավունքի իրացմանը խոչընդոտող որևէ հանգամանք: Նշենք, որ Ալեքսանդր Սուքոյանը և Կարինե Պետրոսյանը ԲԴԽ–ի դեմ մեկ այլ հայցադիմում էին ներկայացրել նաև 2018թ. դեկտեմբերի 25–ին։ Նրանք պահանջում էին՝  ոչ իրավաչափ ճանաչել Գագիկ Հարությունյանին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու վերաբերյալ ԲԴԽ–ի 2018թ. մարտի 5-ի գործողությունները։ Դատավորները համարում են, որ Գագիկ Հարությունյանն ի սկզբանե Սահմանադրական օրենքի խախտմամբ է ընտրվել խորհրդի նախագահ և այդ որոշումը պետք է անվավեր ճանաչվի։ Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանը նույնպես որոշում էր կայացրել մերժել հայցադիմումի ընդունումը։ Այս որոշումը դատավորները բողոքարկել էին վարչական վերաքննիչ դատարանում, որը նույնպես մերժել էր ընդունել հայցադիմումը։ Հիշեցնենք, որ ներկայումս դատարանում է քննվում նաև Ալեքսեյ Սուքոյանի ու Կարինե Պետրոսյանի՝ ԲԴԽ–ի որոշումներից մեկն անվավեր ճանաչելու պահանջու պահանջի մասին հայցը։ Դեռևս 2018թ. օգոստոսի 13-ին քաղաքացիական գործեր քննող երկու դատավորները հայցադիմում էին ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր  ճանաչել «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 2018 թվականի օգոստոսի 6-ի  ԲԴԽ–ի  որոշումը եւ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր