00:00:00

Նորակոչիկը մահացել է կայծակնային մենինգիտից, դատարանն արդարացրել է զորամասի բուժկետի հերթապահ բժշկին

01:03, 28 դեկտեմբեր 2018 Իրավական

1in.am-ը գրում է․ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Էդուարդ Թ.-ի գործի դատական քննությունը: 47-ամյա Էդուարդը բժշկական ծառայության մայոր էր, զորամասերից մեկի բուժկետի պետը: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նա իր ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք է դրսևորել, հիվանդ զինծառայողի նպատակաուղղված բուժումը չի կազմակերպել, ինչն առաջացրել է ծանր հետևանք՝ ժամկետային զինծառայող, նորակոչիկ Էդիկ Շ.-ի կյանքը փրկել չի հաջողվել, նա հիվանդանոցում մահացել է: Ըստ մեղադրանքի՝ Էդուարդ Թ.-ն, լինելով զորամասի բուժկետի պետ, կոչումով՝ մայոր, զորամասի հրամանատարի հրամանով 2014 թվականի հունվարի 19-ին, ժամը 15-ի սահմաններում 39,1 աստիճան ջերմությամբ բուժկետ դիմած, նույն զորամասի ուսումնական գումարտակի ժամկետային զինծառայող, շարքային Էդիկ Շ.-ին շտապ կարգով համապատասխան նեղ մասնագիտացված կլինիկա կամ բաժանմունք տեղափոխելու, ժամանակին համապատասխան կլինիկա-լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշումը ճշգրտելու, նպատակաուղղված բուժում կազմակերպելու փոխարեն նորակոչիկին պահել է գնդի բուժկետում, բավարարվել է միայն ջերմիջեցնող դեղամիջոցներ տալով, չի ցուցաբերել անհրաժեշտ հետևողականություն, ինչի հետևանքով առաջացրել է ծանր հետևանք՝ հունվարի 20-ին, առավոտյան ժամը 7-ն անց 45-ին Վաղարշապատի հիվանդանոց տեղափոխված շարքային Էդիկ Շ.-ի կյանքը փրկել չի հաջողվել, ժամը 8-ն անց 02 րոպեին գրանցվել է նորակոչիկի կենսաբանական մահը: Նախաքննության ընթացքում Էդուարդ Թ.-ն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե նորակոչիկ Էդիկ Շ.-ն բուժկետ է ընդունվել թեթև գունատությամբ, ընդհանուր թուլությամբ, թույլ արտահայտված գլխացավով և 39,1 աստիճան ջերմությամբ: Ինքը կարծել է, թե ջերմության բարձրացումը վիրուսային ծագում ունի, ախտորոշել է «սուր շնչառական հիվանդություն», սակայն Էդիկ Շ.-ի կոկորդում, քթում, ըմպանում բորբոքային պրոցես չի հայտնաբերել… Դատարանում Էդուարդ Թ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե 2014 թվականի հունվարի 19-ին՝ կիրակի օրը, ինքը ստանձնել է զորամասի բուժկետի հերթապահությունը: Առավոտից սկսած՝ հիվանդ զինվորների մեծաքանակ այց է եղել բուժկետ: Մեծամասամբ բուժկետ են դիմել նորակոչիկները, ովքեր հիմնականում գանգատվել են բարձր ջերմությունից: Ինքը նախնական ախտորոշում է կատարել, իրականացրել է բուժում՝ ըստ ախտորոշումների: Ժամը 16-ն անց 40-ին սերժանտի ուղեկցությամբ մի քանի նորակոչիկների հետ բուժկետ է դիմել նաև Էդիկ Շ.-ն: Նա գանգատվում էր ընդհանուր թուլությունից, թեթև գլխացավից: Ինքը կատարել է բուժզննում, ոչ մի նյարդաբանական փոփոխություն չի հայտնաբերել: Ախտորոշել է «սուր շնչառական հիվանդություն», կատարել է գրառում զորամասի ամբուլատոր հիվանդների մատյանում: Էդիկ Շ.-ն իր հարցերին պատասխանում էր ադեկվատ, նա հազ չուներ, կոկորդում կարմրություն չկար, առհասարակ՝ այլ գանգատներ չէր ներկայացնում, մարմնին ցան չկար: Քանի որ ջերմությունը 39,1 էր, ինքը անալգին-դիմեդրոլ է ներարկել և Էդիկ Շ.-ին ստացիոնար բուժման է ընդունել բուժկետում: Քանի որ նորակոչիկը գանգատվում էր նաև թեթև գլխացավից, նրան տվել է «Պարացետամոլի» հաբ: Պարբերաբար հետևել է Էդիկ Շ.-ի վիճակի դինամիկային, արտառոց բան չի արձանագրել, եղել է դրական դինամիկա: Ժամը 20-ին Էդիկի ջերմությունն իջել է, արդեն 37,1 աստիճան էր: Նրան տվել է հակաբիոտիկ՝ հավանական ինֆեկցիոն հիվանդությունները կանխելու համար: Էդիկն այդ պահին ոչ մի գանգատ չի ներկայացրել, ավելին՝ հայտնել է, թե արդեն լավանում է: Նույն ժամանակ բուժկետում գտնվող մեկ այլ նորակոչիկ՝ Գարիկ Ա.-ն 38,6 աստիճան ջերմություն ուներ: Ինքը զեկուցել է զորամասի պատասխանատուին: Ժամը 21-ի սահմաններում բուժկետ է այցելել զորամասի պատասխանատու գնդապետը: Ինքը զեկուցել է բուժկետում գտնվող հիվանդների վիճակի մասին, հայտնել է, որ Գարիկ Ա.-ն կարիք ունի հոսպիտալ տեղափոխման՝ նա պառկած էր բուժկետի հիվանդասենյակում՝ Էդիկ Շ.-ի կողքի մահճակալին: Այդ նույն պահին Էդիկ Շ.-ի ջերմությունն իջել էր, բայց ինքը նրան հարցրել է. «Էդո ջան, եթե վատ ես զգում, քեզ էլ տանեմ հոսպիտալ»: Բայց Էդիկը պատասխանել է. «Լավ եմ, բժիշկ ջան, կարիք չկա»: Ամբաստանյալ Էդուարդ Թ.-ն դատարանում ասել է՝ իմ համար ի՞նչ տարբերություն, թե որ զինվորին էր անհրաժեշտ տանել հոսպիտալ, եթե այդ պահին Էդիկի վիճակը վատ լիներ, նա գանգատներ ներկայացրած լիներ կամ կասկածելի բան նկատվեր նրա վիճակում, վստահ եղեք, առանց վարանելու նրան էլ կտանեի հոսպիտալ Գարիկ Ա.-ի հետ… Զորամասի պատասխանատուի թույլտվությամբ Էդուարդ Թ.-ն նորակոչիկ Գարիկ Ա.-ին տեղափոխել է Երևան՝ կայազորային հոսպիտալ: Այնտեղից վերադառնալով բուժկետ՝ նորից է այցելել հիվանդասենյակ: Բոլոր հիվանդները քնած էին: Ինքը ձեռքը դրել է նրանց ճակատներին, ստուգել է ջերմությունը, ստուգել է պարանոցի զարկերակային հատվածը՝ որևէ արտառոց կամ կասկածելի բան չի եղել: Էդիկ Շ.-ն քնած էր: Ամբողջ գիշեր նա որևէ գանգատ չի ներկայացրել, տեղից չի շարժվել: Ինքը գիշերը բուժկետից չի բացակայել, պարբերաբար մտել է հիվանդասենյակ, ստուգել է հիվանդների վիճակը: Առավոտյան ժամը 6-ն անց 30-ից 7-ի սահմաններում մտել է հիվանդասենյակներ, վառել է լույսը, որ արթնացնի հիվանդներին ու կատարի ստուգում: Լույսը վառելու պահին Էդիկ Շ.-ն քնած էր: Բուժկետ է եկել զորամասի պատասխանատու գնդապետը՝ հիվանդ զինծառայողների վիճակին տեղեկանալու: Էդիկ Շ.-ն այդ պահին նստած էր իր մահճակալին: Գնդապետը նրա հետ զրույցի է բռնվել, ինքը գնացել է ջերմաչափ բերելու: Էդիկի ջերմությունն այդ պահին 36,6 էր, նա միայն նշում էր, թե մի քիչ թույլ է զգում, ասում էր՝ ոչինչ, սա էլ կանցնի… Հանկարծ Էդիկի ճակատին մեկ-երկու կարմիր կետիկ է նկատվել: Ինքը այդ ընթացքում դեպի դուռն է ուղեկցել գնդապետին, նորից վերադարձել է հիվանդասենյակ: Եվ տեսել է, որ իր աչքի առաջ Էդիկի դեմքը մեծ արագությամբ ցանավորվում է, ցանը տարածվում է ամբողջ մարմնով մեկ: Ինքն անմիջապես զանգել է զորամասի պատասխանատու գնդապետին, հայտնել է, որ չգնան, մեքենան մոտեցնեն բուժկետին՝ Էդիկ Շ.-ին շտապ հոսպիտալ տեղափոխելու համար: Գնդապետի մեքենան անմիջապես հետ է եկել, Էդիկին նստեցրել են մեքենա, արագ տեղափոխել են: Քանի որ ճանապարհին Էդիկը գնալով ավելի էր թուլանում, կոնտակտի մեջ արդեն դժվարությամբ էր մտնում, նրան տեղափոխել են Վաղարշապատի հիվանդանոց: Ինքն է պատգարակով նրան տարել վերակենդանացման բաժանմունք, կատարվել են միջոցառումներ, ինքը, զգալով զինվորի կրիտիկական վիճակը, չի դիմացել ու դուրս է եկել հիվանդանոցի բակ: Քիչ անց հայտնել են, որ Էդիկ Շ.-ն մահացել է… Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Էդիկ Շ.-ի մահը վրա է հասել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայից, հեմոռագիկ համախտանիշով զուգորդված արտածին, մանրէային ինֆեկցիայով՝ մենինգիտի հարուցիչներով վարակվելու հետևանքով… Մահվան պատճառն է հանդիսացել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումը՝ օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայի ֆոնի վրա, որը պայմանավորված է եղել կայծակնային ընթացքով մենինգոկոկային վարակով… Կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ՝ վերոհիշյալ հիվանդության ընթացքը համարվում է կայծակնային, ախտաբանական փոփոխությունները զարգանում են շատ արագ, անգամ հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու, ստացիոնար բուժօգնության պայմաններում հիվանդության ելքը մեծամասամբ լինում է անբարենպաստ… «Զորամասի բուժկետում ջերմիջեցնող ներարկում կատարելը, հաբեր տալը, ոչ ժամանակին հիվանդանոց տեղափոխելը Էդիկ Շ.-ի առողջական վիճակի վատթարացման և մահվան հետ անմիջական պատճառահետևանքային կապի մեջ չեն գտնվում»: Ամբաստանյալ Էդուարդ Թ.-ի շահերը պաշտպանում էր փաստաբան Նորիկ Նորիկյանը: Դատարանը եզրահանգել է. «Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում չի արձանագրվել և չի հիմնավորվել, որ Էդուարդ Թ.-ն ցուցաբերել է թեթևամտություն կամ անտարբերություն կամ իր վրա դրված պարտականությունները չի կատարել կամ կատարել է ոչ պատշաճ ձևով… Հաստատվել է հակառակը՝ վկաների, հանրապետության գլխավոր վարակաբանի ցուցմունքներով, մասնագիտական եզրակացություններով հաստատվել է, որ Էդուարդ Թ.-ն ամեն բան ճիշտ է արել՝ քանի դեռ ցանավորում չի եղել, եթե անգամ ուրիշ բժիշկ լիներ Էդուարդ Թ.-ի փոխարեն, նույն միջոցառումներն էր կատարելու… Դատարանում հարցաքննված դատաբժիշկ-փորձագետ Գ. Հարությունյանը նշել է՝ Էդիկ Շ.-ի հիվանդությունն այնպիսին էր, որ եթե Էդուարդ Թ.-ն չլիներ, այլ բժիշկ լիներ, մեկ է՝ այդ հիվանդությունը բերելու էր մահվան՝ մենինգիտի կայծակնային սուր սկիզբը պետք է զարգանար արագ, ինչ-որ միջոցառումներով հիվանդի կյանքը փրկելը քիչ հավանական է՝ հիվանդության բնույթն է այդպիսին… Դատարանը ճանաչել և հռչակել է Էդուարդ Թ.-ի անմեղությունը և արդարացրել է նրան՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր