Լոռու մարզի դատախազությունում իրականացված՝ 2018 թ. ընթացքում մարզի առողջապահության ոլորտում կոռուպցիոն բնույթի քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակի ուսումնասիրությամբ պարզվել է, որ արձանագրվել են համակարգային և շարունակական բնույթ կրող կոռուպցիոն դրսևորումներ, տեղեկացնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Որոշ դեպքերում առողջապահական կազմակերպությունների բուժաշխատողները՝ այդ թվում իրավասու պաշտոնատար անձինք, տարբեր շարժառիթներով կեղծել են բուժաշխատողի կողմից վարվող հաշվետվական կամ հաշվառման փաստաթղթեր: Այդ կերպ նրանք ստեղծել են բնակչությանը խորհրդատվական, բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերելու, ախտորոշիչ հետազոտությունների և բուժական բնույթի այլ ծառայություններ մատուցելու պատրանք՝ երբեմն ոտնձգություն կատարելով պետական բյուջեից նպատակային կարգով տրամադրված միջոցների նկատմամբ: Դրանցում ներառվել են պացիենտի առողջության, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու, դրան համաձայնություն տալու կամ դրանից հրաժարվելու, ինչպես նաև պացիենտի առողջության պահպանման կամ հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ անհրաժեշտ բժշկական և ոչ բժշկական բնույթի կեղծ տվյալներ:
Առանձին դեպքերում բժշկական փաստաթղթերում կեղծիք կատարելը պայմանավորված է եղել շահադիտական դրդումներով, որի արդյունքում պատշաճ չեն կատարվել պետական բյուջեի միջոցների հաշվին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հետ կապված պայմանագրային պարտավորությունները։
Մասնավորապես՝ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրենը 2016 թ. հունվարի 25-ից մինչև 2017 թ. հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում իր մտերիմ անձին պատկանող Ա/Ձ-ի հետ կնքված պայմանագրերով նախատեսված ապրանքներից զգալի չափով մատակարարված չլինելու պայմաններում իր ստորագրությամբ և բժշկական կենտրոնի կնիքով հաստատել է այդ ապրանքները հիշյալ ընկերություն մուտքագրվելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ հաշիվ-ապրանքագրեր: Դրանց հիման վրա Ա/Ձ-ին փոխանցված՝ բժշկական կենտրոնին պատկանող զգալի չափերով գումարը հետագայում անձամբ ստանալով՝ յուրացրել է, ինչից հետո իր ստորագրությամբ վավերացրել է այդ ապրանքներն ընկերության կարիքների համար օգտագործվելու վերաբերյալ կեղծ ֆակտուրաները: Բժշկական կենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախաքննության ընթացքում նա կամովին վերականգնել է պատճառված վնասը։ Գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Կոռուպցիոն այլ դեպքեր են բացահայտվել նաև «Տաշիրի բժշկական կենտրոն»-ում: Մասնավորապես 2018 թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժաշխատակիցներից մեկը հաշմանդամության կարգ տրամադրելու կեղծ հիմքեր ստեղծելու նպատակով մի քաղաքացու հիվանդության պատմագրում ներառել է վերջինիս կողմից կոնկրետ օրը նույն հիվանդանոցում համապատասխան հետազոտություններ անցնելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ: Մինչդեռ պարզվել է, որ քաղաքացին տվյալ օրը բժշկական կենտրոն չի այցելել և որևէ հետազոտություն չի անցել։