00:00:00

Ձերբակալվել է «Հայփոստի» 2 աշխատակից՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով

15:12, 14 դեկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում այսօր ձերբակալվել է ևս երկու անձ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով: Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության մեկ նախկին և մեկ գործող աշխատակիցները 2013-2018 թվականների ընթացքում, հիշյալ տարածքային գործակալության համակարգչային բազայում, առանց քաղաքացիների գիտության, նրանց հաշվառել են ընտանեկան նպաստ համակարգի շահառուների ցանկում, որի հիման վրա նրանց անվամբ ապօրինի ձևակերպվել և յուրաքանչյուր ամիս առերևույթ հափշտակվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալ ձեռք բերվել այն մասին, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակիցներն ստորագրել են Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից կազմած կեղծ նպաստառուների անվան դիմաց և ստացած գումարներից վերցնելով իրենց հասանելիքը՝ մնացած մասը փոխանցել են տվյալ գործակալության աշխատակիցներին: Ձեռք բերված տվյալների հիման վրա 2018 թվականի դեկտեմբերի 13-ին հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Որոշում է կայացվել նշված երկու քրեական գործերի նախաքննությունն իրականացնել մեկ վարույթում: Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են նաև «Հայփոստ» ՓԲ ընկերության 47 և 34-ամյա աշխատակիցները՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով: Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր