00:00:00

Մանվել Գրիգորյանը ազատ կարձակվի

02:55, 12 դեկտեմբեր 2018 Իրավական

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: Դատարանը այն կհրապարակի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 14:00-ին: Նախաքննական մարմինը նրա կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դեկտեմբերի նիստին 20 միլիոն դրամ գրավի միջնորդություն են ներկայացրել: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ կարձակեն։ Հաշվի են առնելու բացառապես նրա առողջական վիճակը, որը անհամատեղելի է կալանավորման հետ։ Միաժամանակ շրջանառվող տեղեկությունների համաձայն Գրիգորյանի դեմ նոր ցուցմունքներ են տվել, իսկ ցուցմունք տվողները եղել են վերջինիս հարազատները։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր