00:00:00

Համագյուղացու սպանության դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է առաջադրվել 29-ամյա երիտասարդին

21:52, 04 դեկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. 56-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի 29-ամյա բնակչին: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Գեղարքունիքի մարզի՝ 1962թ. ծնված բնակիչը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է 2018 թվականի հուլիսի 8-ին հոգեհացից հետո ծագած վիճաբանության արդյունքում՝ նույն մարզի բնակիչների կողմից, ովքեր եղբայրներ են՝ ծնված 1980 եւ 1989թթ.: Մասնավորապես՝ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2018թ. հուլիսի 8-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, հոգեհացի արարողությունից հետո համագյուղացիների միջեւ կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ եղբայրներից կրտսերը, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, դիտավորությամբ խախտելով հասարակական կարգը, ակնհայտ արհամարհանք եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով ներկա գտնվողների նկատմամբ, հայհոյել է՝ իրեն արված դիտողության պատճառով, բռնություն գործադրել համագյուղացիների նկատմամբ, ինչին միջադեպին ներկաները պատասխանել են՝ փոխադարձ հարվածներ հասցնելով նրան: Վերջինս, սակայն, չի կարողացել համակերպվել տեղի ունեցածի հետ եւ եղբոր հետ որոշել է վրեժխնդիր լինել իրեն ծեծի ենթարկողներից մեկից՝ ծնված 1962 թվականին: Այդ նպատակով նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, տանից վերցնելով խոհանոցային դանակ՝ 29-ամյա երիտասարդը ավագ եղբոր հետ գնացել է համագյուղացու առանձնատանը կից ճանապարհահատված եւ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով դանակի 4 հարված հասցրել համագյուղացու կրծքավանդակի առաջային եւ ձախ կողմնային, որովայնի առաջային եւ աջ կողմնային շրջաններին՝ պատճառելով կտրած-ծակած թափանցող վնասվածքներ: Ստացած մարմնական վնասվածքներից տղամարդը նույն օրը մահացել է հիվանդանոցում: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ 1980թ. ծնված տղամարդը հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ ունի եւ հաշվառված է հոգեկան առողջության կենտրոնում։ Վերջինիս մեղսունակության հարցը պարզելու նպատակով նշանակվել է դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ նա ճանաչվել է անմեղսունակ: Ըստ դատաբժիշկների՝ տղամարդը նշված արարքը կատարել է  օրգանական զառանցական շիզոֆրենանման խանգարման ազդեցության ներքո։ Ուստի՝ որոշում է կայացվել նրա վերաբերյալ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու եւ առանձին վարույթ ընդունելու վերաբերյալ: Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր