Հայաստանի ՔԿ–ն ջանք չի խնայելու ԻԻՀ իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությունը տարբեր ուղղություններով խորացնելու համար: ՔԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահի՝ տնտեսական հարցերի վերահսկողության գծով տեղակալ Ալի Ֆարհադի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ:
ՀՀ ՔԿ նախագահը բարձր է գնահատել Քննչական կոմիտեի և ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության միջև առկա սերտ համագործակցությունը, որի հիմքը հանդիսանում է նախկինում երկու մարմինների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը:
Հանդիպման ընթացքում Ալի Ֆարհադին ներկայացրել է իրենց կազմակաերպության գործառույթները և հայտնել՝ ՀՀ Քննչական կոմիտեի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին:
Հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական ստորաբաժանումների վարույթում ԻԻՀ քաղաքացիների նկատմամբ և նրանց մասնակցությամբ քննվող կոնկրետ քրեական գործերի ընթացքի վերաբերյալ հարցեր:
Քննչական կոմիտեի նախագահը հայտնել է, որ ԻԻՀ քաղաքացիների մասնակցությամբ և նրանց նկատմամբ քննվող քրեական գործերը գտնվում են իր ուշադրության կենտրոնում, և իր հանձնարարությամբ ՀՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեությունը վերահսկող գլխավոր վարչության մեկ աշխատակից ամենօրյա կտրվածքով ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությանը փոխանցում է յուրաքանչյուր գործի վերաբերյալ ստացվող տեղեկատվությունը:
Կողմերը հանդիպման ընթացքում կարևորել են նաև քրեական գործերով նախաքննության ընթացքում տեղեկատվության փոխանակումն առավել օպերատիվ կազմակերպելու հարցը: