Միշտ գայթակղություն է առաջ գալիս` քննադատելով նախկիններին` ինչ-որ արդյունքի հասնել, դա ճանապարհ չէ: Խորհուրդ եմ տալիս վարչապետին՝ անցյալի հետ պետք է «բարիշել», անցյալի էջը պետք է փակել: Այս մասին «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով խորհրդաժողովին, որին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը, նշեց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
«Միշտ գայթակղություն է առաջ գալիս, քննադատելով նախկիններին, ինչ-որ արդյունքի հասնել, դա ճանապարհ չէ: Եթե մենք չկարողանանք ճիշտ գնահատականներ տալ, չենք կարող ապագան կառուցել: Օգտվելով առիթից՝ խորհուրդ եմ տալիս վարչապետին՝ անցյալի հետ պետք է «բարիշել», անցյալի էջը պետք է փակել: Իհարկե, հանցագործը պետք է բանտում մնա, բայց ճանապարհը սա է: Մեր տնտեսության տակ բազմաթիվ ռումբեր են այսօր դրված, որ ոլորտը մտնում ես, կոռուպցիոն այնպիսի ռիսկեր են, որ ես չեմ պատկերացնում: Մենք այսօր բախվել ենք միայն «Ամուլսարի» խնդրին, բայց վստահաբար ասում եմ՝ այդ ամբողջ ոլորտը կոռուպցիոն ռիսկային վտանգավոր հետևանք ունեցող հարաբերությունների վրա է կառուցված: Այս խնդիրը պետք է փակվի»,-նշեց Ասատրյանը:
Տնտեսագետը՝ որպես ժողովրդագիր, հայտնեց, որ վերջին տասը տարում ՀՀ-ն լքել է 430.000 մարդ:
«Մենք ունենք ծնելիության մակարդակի էական ակնում, ամենացածր կետին ենք հասել ՀՀ երկրորդ և երրորդ հանրապետությունների ընթացքում: Մենք դեպոպուլյացիայի խնդրի առաջ ենք կանգնելու մի 3-4 տարվա ընթացքում»,-ասաց Ասատրյանը: