00:00:00

Վերականգնման վարկերի բանկը 23 մլն եվրո դրամաշնորհ կտա Հայաստանին. Ծրագիրը 8 տարով է

18:32, 22 նոյեմբեր 2018 Տնտեսություն

Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 22-ի իրն նիստում հավանության տվեց Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ Հայաստանում կենսաբազմազանության եւ կայուն տեղական զարգացման ծրագրին 23,208,483.13 եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հարցը ներկայացրեց Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը՝ նշելով, որ այս իրականացման տեւողությունը նախատեսվում է 8 տարի. «Այն կապահովի կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում բնական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը»: Ըստ նախագծի`դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել՝ - պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների եւ բնական հուշարձանների բարելավում ու կառավարում, - անտառների կայուն կառավարում, անտառային լանդշաֆտը եւ անտառները վերականգնելու միջոցառումներ, - ընտրված հարակից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումներ, - էկոզբոսաշրջությունը խթանելու միջոցառումներ, - խորհրդատվական ծառայություններ։ Ծրագրի իրականացումը նախատեսվում է 4 հիմնական ուղղություններով՝ - բազմաֆունկցիոնալ նպատակներով դիտարկվող կենսաբազմազանությամբ հարուստ տարածքների կայուն կառավարում, կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում մարդկային գործոնի ազդեցության նվազեցում, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ միջոլորտային ներդրումների ուժեղացում, ընտրված տարածքների, բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառային տնտեսությունների վարչակազմի ֆինանսական կայունության ապահովում, ընտրված համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում: Ըստ նախագծի` հաշվի առնելով Կովկասի տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի յուրահատուկ եւ հարուստ կենսաբազմազանությունը, որպես ծրագրի իրականացման վայր կընտրվեն կենսաբազմազանությամբ հարուստ տարածքները։ Նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց, որ թիրախային տարածքներն աշխարհագրորեն սահմանափակված չեն, այն հնարավոր է իրագործել Հայաստանի Հանրապետության ցանկացած վայրում: Դրամաշնորհային համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա Հայաստանում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում իրականացնել հստակ արդյունքներին ուղղված լայնածավալ միջոցառումներ։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն նշեց, որ այս ծրագրով գումարներ են ծախսվելու նաեւ բնապահպանական սոցիալ տնտեսական ծրագրերի վրա: «Այսինքն որոշակի տարածաշրջաններում մեր քաղաքացիներին աջակցություն ենք առաջարկում, որպեսզի իրենք անտառահատումների միջոցով եկամուտներ վաստակելու փոխարեն օգնենք, որ որոշակի ձեռներեցությամբ զբաղվեն, էկոտուրիզմի օբյեկտներ ստեղծեն, այդպիսով կրկնակի խնդիր կարողանանք լուծել»,-ասաց նա: Փաշինյանը նաեւ հավելեց, որ այս հարցի քննարկումը պատեհ առիթ է՝ արձանագրելու, որ կառավարության նպատակաուղղվածությունը եւ ռազմավարական մոտեցումը Հայաստանի կենսաբազմազանությունը պահպանելը եւ զարգացնելն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր